Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։
Միրզոյան իր վրաց գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
«Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան», - հայտարարել է Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի և Վրաստանի միջև առկա է երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ»
Հայաստանի արտգործնախարարը ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ասել է. «Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում»:
«Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում», - հայտարարել է նա:
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։
«Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հայաստանը, Միրզոյանի փոխանցմամբ, մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը:
Մեկ ամիս առաջ էլ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր այցելել Վրաստան, հանդիպումներ ունեցել Վրաստանի վարչապետի և փոխվարչապետի և արտգործնախարարի հետ։ Միրզոյանը վրաց պաշտոնյաների հետ քննարկել էր տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր