Մատչելիության հղումներ

Ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերը չփոխվող մթնոլորտի հետևանք են. իրավապաշտպան


Ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահվան դեպքերը չփոխվող մթնոլորտի հետևանք են, համոզված է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Տարիներ շարունակ խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու վիճակագրությունը ուսումնասիրած Ալեքսանյանն ասում է՝ ինչպես նախկինում, այսօր էլ ոչինչ չի արվում բանակում վերահսկողությունը ուժեղացնելու և նման ողբերգությունները կանխելու համար։ «Եվ ամենակարևորը՝ որ մահվան դեպքերը չեն բացահայտվում, այդ անպատժելիության մթնոլորտը, այսպես, կայուն վիճակում է բանակում», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց բանակում հերթական մահվան դեպքի մասին, որ տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին Վայոց ձորի մարտական հենակետերից մեկում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 18-ամյա ժամկետային զինծառայող Մովսես Թադևոսյանը մահացել էր գլխի մասում հրազենային վիրավորումից։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ կալանավորվել է Թադևոսյանի համածառայակիցը, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ։

Անպատժելիության մթնոլորտն է ծնում նոր հանցանքներ, վստահ է իրավապաշտպան Ալեքսանյանը։ Նա ընդգծում է՝ իշխանությունները չեն փորձում անգամ կրել այս մահերի պատասխանատվությունը․ - «Քննչական կոմիտեն աշխատում է նույն տրամադրությամբ, նույն ձեռագրով, ինչպես նախկինում, ոչինչ չի փոխվել, և դրա համար շարունակվում են այս դեպքերը։ Եթե պատժվեն մի քանի հոգի․․․ Զորամասը և Քննչական կոմիտեն համագործակցում են, և սրա հետևանքը այս դեպքերն են, որոնք շատանում են»։

«Գիտե՞ք, պատերազմից հետո, այսքան զոհերից հետո, այսինքն այդքան անխիղճ ո՞նց կարելի է լինել։ Դուք պարտականություններ ունեք, պատասխանատվություն ունեք։ Լսե՞լ եք որևէ մեկը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, մեկ բառ ասեն, խոսեն, որ իրենք պայքարելու են,,,», - ընդգծեց իրավապաշտպանը։

Թեև վերջին դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին, սակայն ռազմական գերատեսչությունը միայն չորս օր անց հաղորդեց զինվորի մահվան լուրը։ Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է՝ սա այս արատավոր պրակտիկայի առաջին դեպքը չէ. – «Մի դեպքը նոյեմբերի 15-ին էր, որքան հիշում եմ՝ Ճամբարակի դեպքն է, երեք թե չորս օր հետո են հրապարակել, և մյուսը սա է։ Այսինքն՝ Պապիկյանի օրոք էր, 15-ը հենց այն օրն էր, որ նշանակվել էր Պապիկյանը՝ երևի չէր ուզում տխուր լուրեր լսել։ Այսպես է իրենց հարմար, չեն ուզում իրենց տրամադրությունը փչանար երևի, որ մենք մտածեինք, որ, գիտե՞ք, 31-ի գիշերը զինվոր է սպանվել»։

Բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020-ին բացի պատերազմի հազարավոր զոհերից, բանակում ևս 100 զինվորական է մահացել, նրանցից 17-ը՝ պատերազմից առաջ կամ հետո հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ 2021-ին բանակում 65 զոհ է եղել, 19-ը՝ հակառակորդի կրակոցի հետևանքով։ Մնացածը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ոչ մարտական պայմաններում գրանցված դեպքեր են՝ սպանություն, ինքնասպանություն, առողջական խնդիրների կամ ավտովթարների, այլ դժբախտ պատահարների հետևանքով մահեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG