«Արևմուտքը ցանկանում է անդառնալի վնաս պատճառել Ռուսաստանին»
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի հեռուստաեթերում հանդես է եկել Ուկրաինայի և միջազգային այլ թեմաների շուրջ ծավալուն մեկնաբանություններով:
Պնդելով, որ Ռուսաստանը շարունակելու է հետևողականորեն իրագործել «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները, նա նշել է, թե, այնուամենայնիվ, ինչ-որ փուլում համաձայնագիր է կնքվելու:
«Ուկրաինայում այսօրվա իրավիճակը կավարտվի պայմանագրով, բայց դրա չափանիշները կհստակեցվեն ռազմական գործողություններով հաստատված կացությամբ»,- ասել է նախարարը:
Երեկ նա մասնակցել է աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված «Մեծ խաղ» հեռուստահաղորդաշարի թողարկմանը: Լավրովի համոզմամբ, Արևմուտքն Ուկրաինայի պատերազմն օգտագործում է Ռուսաստանին հնարավորինս ծանր և անդառնալի վնաս պատճառելու նպատակով:
Սերգեյ Լավրովի խոսքով, Արևմուտքի լիդերներն ասում են, թե պետք է ամեն ինչ անել, որ «Ռուսաստանը չհաղթի, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղթի նախագահ Վլադիմիր Պուտինին»:
Արտգործնախարարը մեջբերումներ է արել, հիշեցնելով, թե Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «Ռուսաստանը պետք է պարտվի», իսկ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ ասել է, թե «հաղթանակը պետք է մարտի դաշտում ապահովվի»:
«Նրանք մտածում են, թե մեկ էլ տեսար Զելենսկու մոտ կստացվի, և հանկարծ ուկրաինացիները կհաղթեն և ռուսներին կպարտադրեն ողորմություն աղերսել և ընդունել խաղաղություն հաստատելու շատ ավելի ծանր պայմաններ, այդպիսի բաներ են մտածում Արևմուտքում»,- ասել է Սերգեյ Լավրովը:
«Բանակցությունների և դեմոկրատիայի ձևացում»
Նա մատնանշել է նաև որոշակի նմանություն նախագահ Զելենսկու և վարչապետ Ջոնսոնի գործելակերպում:
Ըստ նախարարի, խոսքը հանրության ուշադրությունը գրավելու նպատակով ինչ-որ բան ձևացնելու, օրինակ, բանակցություններին, իբրև թե, մասնակցելու պատրանքի մասին է:
«Դա КВН է, հասկանո՞ւմ եք, բանակցությունների ձևացում, դեմոկրատիայի ձևացում, գործնականում՝ դեմոկրատիայի չեղարկում և արմատականների բռնապետություն»,- ասել է Լավրովը:
Արտգործնախարարի պնդմամբ, Զելենսկին է թաղել Մինսկյան գործընթացը, հրաժարվել է կատարել նաև Նորմանդյան ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Նա ընդամենը պետք է Դոնբասի հատուկ կարգավիճակի օրենք ստորագրեր, ուրիշ ոչինչ, դա էլ չարեց և հետո երեք տարի գանգատվեց, թե Մոսկվան չի կատարում Մինսկի համաձայնությունը»,- ասել է Լավրովը:
«Միջուկային պատերազմն անընդունելի է, բայց վտանգը կա»
Երեկ նախարարը խոսել է նաև ամբողջ աշխարհին մեծ մտահոգություն պատճառող միջուկային պատերազմի վտանգի մասին: Նա նշել է, որ այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները ստորագրել են հայտարարություն, որով անընդունելի են հռչակել միջուկային պատերազմը:
«Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և հիմա, երբ վտանգները բավական էական են, չէի ցանկանա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն, իսկ նման բան ցանկացողները կան: Միջուկային պատերազմի վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է Լավրովը:
«Ուկրաինայի վիճակը՝ ՆԱՏՕ-ի ընդարձակման հետևանք է»
Այսօր Ռուսաստանի արտգործնախարարն Ուկրաինայի խնդիրը քննարկել է Մոսկվա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Հանդիպման մեկնարկին գլխավոր քարտուղարն ասել է, թե պետք է ամեն ինչ անել Ուկրաինայում կրակը դադարեցնելու և խաղաղ կարգավորում գտնելու համար:
Լավրովը նրան ասել է, թե Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեծավ մասամբ ՆԱՏՕ-ի անսահման ընդարձակման հետևանք է:
«Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ն անընդհատ ընդարձակելու և միաբևեռ աշխարհ ստեղծելու մեր ամերիկացի գործընկերների վարած քաղաքականության արդյունքում»,- ասել է Լավրովը:
ՄԱԿ-ին մտահոգում է պատերազմի հանցագործությունների հանգամանքը
Գուտերեշն, իր հերթին, կոչ է արել բացել մարդասիրական միջանցքներ Մարիուպոլում շրջափակման մեջ հայտնված մարդկանց համար:
Նա ասել է, թե խիստ մտահոգված է ռուսական զորքի կողմից Ուկրաինայում պատերազմական հանցագործություններ կատարելու մասին հաղորդագրություններով և առաջարկում է ստեղծել խնդիրը քննելու համար ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով:
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ընդունում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մինչդեռ, պատերազմի վերջը չի երևում: Ուկրաինացիները հանձնվելու մտադրություն չունեն, ընդհակառակը, նրանք ակնկալում են Արևմուտքից նոր զենք ու զինամթերք:
Մոտ 4 տասնյակ երկրների պատվիրակներ հավաքվել են Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանում, որտեղ քննարկում են Ուկրաինային սատարելու հարցը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինի փոխանցմամբ, դաշնակիցներն ընդհանուր հաշվով ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային:
Դա ներառում է 3 միլիարդ 700 միլիոնի օգնությունը, որը Միացյալ Նահանգները խոստացել է պատերազմի մեկնարկից ի վեր:
Գերմանիան որոշեց լուրջ զենք տրամադրել Ուկրաինային
ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն իրենց ուժերի սահմաններում օգնում են Եվրոպային: Գերմանիան անցած տասնամյակների ընթացքում տնտեսական սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ և ունի լուրջ կախվածություն ռուսական բնական գազից:
Այդ հանգամանքների բերումով գերմանացիները որոշակի վերապահումներ են դրսևորել Ռուսաստանի նկատմամբ ավերիչ պատժամիջոցներ սահմանելու կամ Ուկրաինային ծանր զինատեսակներ տրամադրելու հարցում:
Եվ ահա, Բեռլինում որոշել են հաղթահարել այդ բարդույթը: Գերմանիան մտադիր է Gepard տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել, քննարկվում է նաև Marder և Leopard տեսակի զրահամեքենաներ և հրասայլեր Ուկրաինայի բանակին փոխանցելու հնարավորությունը:
«Ռուսաստանի ագրեսիան անհիմն է, անխոհեմ և անօրինական»
Պենտագոնի ղեկավարի համոզմամբ, Ուկրաինան այս պատերազմում պաշտպանում է դեմոկրատիան, ինքնիշխանությունը և իր քաղաքացիներին: Պատերազմի արդյունքը կենսական նշանակություն կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի համար:
«Ռուսաստանի ագրեսիան անհիմն է, անխոհեմ է և անօրինական, այն հակասում է միջազգային իրավակարգին, դա մարտահրավեր է աշխարհի բոլոր ազատ մարդկանց: Բայց ինչպես տեսանք այսօր առավոտյան, բարի կամքով առաջնորդվող պետությունները միավորվել են իմպերիալիստական Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային սատարելու համար: Եվ այդպես էլ պետք է լիներ»,- ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: