Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հերքել է Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորախմբի թվաքանակի ավելացման մասին տեղեկությունները։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Սանդուն այս մասին հայտարարել է այսօր Քիշնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանցի զինվորականները Մոլդովա մուտք են գործում երկրի սահմանադրորեն ճանաչված իշխանությունների կողմից վերահսկվող հսկիչ-անցագրային կետերով։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք պնդել, որ ռուսական զորախմբի թվաքանակը չի մեծացել։
Մերձդնետսրում զորքերի տեղաշարժի կամ այլ ակտիվ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները ևս չեն հաստատվում», - հայտարարել է Սանդուն՝ ընդգծելով, որ Քիշնևում շարունակում են մոնիտորինգի ենթարկել իրավիճակը։
«Այս պահին Մոլդովայի՝ պատերազմին ներքաշման վտանգ չկա։ Իրադրությունը, սակայն, կարող է արագորեն փոխվել։ Տարածաշրջանային ռիսկերը պահպանվում են, և մենք չենք կորցնում զգոնությունը», - հայտարարել է Մոլդովայի նախագահը։