Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետներն արձանագրում են՝ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է


«Մոսկվա» հածանավը, արխիվ
«Մոսկվա» հածանավը, արխիվ

Ռուսաստանցի ռազմական փորձագետներն արձանագրում են, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է Ուկրաինայում, որն անչափ զայրացրել է Պուտինին: Նույնիսկ քարոզչության հիմնական դերակատարներն են այս օրերին բարձրաձայնում՝ ինչպե՞ս պատահեց, որ ռուսական նավատորմի լեգենդը խոցվեց ու խորտակվեց և ո՞վ է սրա համար պատասխան տալու։

Իսկ Կրեմլից անկախ փորձագետներն ու լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել անձնակազմի հետ: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակումից հետո ռուսական տարբեր աղբյուրներ սկսեցին հայտնել նաև անձնակազմի մի մասի մահվան մասին։

Հածանավի նավաստի Մարկ Տարասովի մայրը՝ Ուլյանան, օրինակ, VKontakte սոցիալական ցանցում հայտնել է Սև ծովում նավը խորտակվելուց հետո իր որդու անհետացման մասին։ "Агенство"-ն այսօր մեջբերումներ է Ուլյանայի գրառումը։

Տարասովը զորակոչվել է անցյալ տարվա վերջին, ծառայության է անցել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիի ընկերը "Агенство"-ի հետ զրույցում հաստատել է, որ նա բանակ է գնացել. իր Instagram-ում նա նավաստու լուսանկար է հրապարակել։

Տարասովը երկրորդ նավաստին է, ում անհետացման մասին հայտնի է դարձել ապրիլի 17-ին։ Ավելի վաղ Յալթայի բնակիչ Դմիտրի Շկրեբեցը հայտարարել էր որդու՝ 20-ամյա Եգոր Շկրեբեցի անհետացման մասին։ Ժամկետային նավաստի Եգոր Շկրեբեցի մայրը The Insider-ին պատմել է, որ ինքը և իր ամուսինը գտնվում են Սևաստոպոլի ռազմական հոսպիտալում, որտեղ հածանավից վիրավորներին են բերել։ Այնտեղ, նրա խոսքով, մոտ 200 վիրավոր նավաստի է եղել։ Ընդհանուր առմամբ, ըստ Շկրեբեցի մոր, նավի վրա եղել է ավելի քան 500 մարդ։

«Մենք նայեցինք յուրաքանչյուր այրված երեխայի: Չեմ կարող արտահայտել, թե որքան դժվար է, բայց որդուս չգտա։ Այնտեղ ընդամենը երկու հարյուր մարդ կար, իսկ հածանավում հինգ հարյուրից ավելի մարդ կար։ Ո՞ւր են մյուսները», - ասել է Իրինա Շկրեբեցը:

Բացի այդ, «Ազատության» ռուսական ծառայությունը հայտնել է միջնավավար Իվան Վախրուշևի մահվան մասին: Վախրուշևի այրին հայտնել էր նաև, որ հածանավի անձնակազմի 27 անդամներ անհայտ կորածների ցուցակում են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Մոսկվա» նավի խորտակման մասին հայտարարել էր ապրիլի 14-ին։ Նախօրեին ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին, որ ռուսական նավը կործանել է ուկրաինական ուժը՝ «Նեպտուն» թևավոր հրթիռներով։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն ռուս պրոպագանդիստները արդեն մի քանի օր է հորդորում են ուժգին հարված հասցնել Կիևի կենտրոնին «Մոսկվա» նավը կործանելու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նավի ողջ անձնակազմը տարհանվել է զինամթերքի պայթյունից և բռնկված հրդեհից հետո։ Թե քանի մարդ է եղել նավում, չի հաղորդվում։ Հրթիռային հածանավի անձնակազմը, ըստ տարբեր աղբյուրների, կարող էր լինել 500-ից մինչև 700 մարդ։

Ապրիլի 16-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը հանդիպել է «Մոսկվա»-ի նավաստիների հետ և հայտնել, որ հածանավի անձնակազմը գտնվում է Սևաստոպոլում։ Խոսելով նավաստիների հետագա ճակատագրի մասին՝ Եվմենովը նշել է նաև «զորակոչիկներին», որոնք «օրենքով սահմանված կարգով մայիսից հուլիս կազատվեն ծառայությունից և կմեկնեն զինվորական հաշվառման»։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ռուսական իշխանությունները, չնայած բազմաթիվ հաղորդումների, նախ հերքեցին ժամկետային զինծառայողների մասնակցությունը Ուկրաինա ներխուժմանը, ապա դա հայտարարեցին որպես առանձին դեպքեր, որոնք կքննվեն։

Ապրիլի 17-ի երեկոյան համացանցում հայտնվեց մի լուսանկար, այնուհետև՝ կարճ տեսանյութ, որում իբր այրվող «Մոսկվա» հածանավն է: Ով է արել լուսանկարը և տեսագրությունը հայտնի չէ, բայց պատկերված նավի ուրվագծերը նման են «Մոսկվա» հածանավի լուսանկարներին, և վնասի բնույթը համապատասխանում է նրան, որ հածանավը կարող էր ստանալ նավում տեղակայված հրթիռների պայթեցումից։

Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, որ Կրմելում այդ կադրերը տեսել են, սակայն չեն կարող ասել, թե արդյոք դրանք իսկական են։ Ռազմական հարցերով փորձագետ Յուրի Ֆյոդորովն էլ ասում է, թե «Մոսկվա» հածանավի կործանումը շատ լուրջ հարված էր Կրեմլին։

«Սա մեծ սիմվոլիկ նշանակություն ունի նաև։ Ցանկացած սպայի համար նման նավի կործանումը նշանակում է, որ ռուսական ուժերի համակարգը, մեղմ ասած, վատ վիճակում է։ Ցանկացած մարդու, ոչ միայն ռազմական փորձագետների համար, ակնհայտ է՝ սա շատ լուրջ ձախողման վկայություն է», - ասել է փորձագետը:

Ռուս փորձագետներն արձանագրում են՝ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

XS
SM
MD
LG