Մատչելիության հղումներ

Կրեմլում չեն մեկնաբանում «Մոսկվա» հրթիռային նավի հետ տեղի ունեցածը


Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը, արխիվ
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը, արխիվ

Ուկրաինացիները պնդում են, որ խոցել են «Մոսկվա» հածանավը, ռուսները չեն հաստատում։

Կրեմլի խոսնակը այսօր չի մեկնաբանել «Մոսկվա» հրթիռային նավի հետ կապված միջադեպը, միայն ասել է, թե նախագահ Պուտինին նավում տեղի ունեցածի մասին զեկուցվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սևծովյան նավատորմի դրոշակակիր հրթիռային «Մոսկվա» հածանավի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Ռուսական կողմը նշում է, թե հածանավում հրդեհ է բռնկվել, որի հետևանով պայթել է նավում առկա զինամթերքը․ «Նավը ծանր վնասվել է կրակի հետևանքով, իսկ հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են»։ Զոհերի մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ՝ գիշերը, Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն ասել էր, որ ուկրաինական կողմի արձակած «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի հետևանքով հզոր պայթյուններ և հրդեհ է «Մոսկվա» նավում։ Գիշերը ուկրաինացի զինվորականը հայտարարել էր․ «Նա գնաց այնտեղ, որտեղ նրան ուղարկել էին Զմեինի կղզում մեր սահմանապահները։ «Նեպտուն» հրթիռները նրան շատ լուրջ վնաս պատճառեցին»:

Ուկրաինայի զինված ուժերի հարավային ռազմական հրամանատարության ներկայացուցիչն ասել է. «Սևծովյան տարածաշրջանում «Մոսկվա» հածանավը խոցվել է «Նեպտուն» հականավային հրթիռներով: Ռուսական Սևծովյան նավատորմի դրոշակակիրը զգալի վնաս է կրել, հրդեհ է սկսվել, մյուս նավերը փորձեցին օգնություն ցուցաբերել, սակայն փոթորիկն ու զինամթերքի հզոր պայթյունը շուռ տվեցին նավը, և այն սկսեց խորտակվել»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, սակայն, այս տեղեկությունը հերքում է ՝ նշելով, թե հրդեհը մարվել է, իսկ նավում առկա հրթիռները չեն տուժել:

Նավի մասին տեղեկություններն իրարամերժ են. Պենտագոնը հաստատել է առնվազն մեկ հզոր պայթյուն «Մոսկվա» հածանավում, սակայն դեռ չգիտի, թե ինչն էր դրա պատճառն, այսօր ասել է պենտագոնի խոսնակը՝ հավելելով, թե այն չի խորտակվել: Պենտագոնը միայն հաստատում է, որ նավում բավականին մեծ պայթյուն է եղել, որը վնաս է հասցրել նավի, խոսնակի խոսքով, նրանք չեն կարող այս պահին հաստատել, որ հածանավը խոցվել է ուկրաինական հրթիռով:

Վաշինգտոնը նաև հաստատել է ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ նավը ջրի երեսին է ու կարողացել է հասել Սևաստոպոլ՝ վերանորոգման:

Աղբյուրները նշում են, որ «Մոսկվա»-ն մասնակցել է Օդեսայի շրջանում Զմեինի կղզու վրա ռազմական գործողություններին պատերազմի հենց առաջին օրը, երբ ծնվել էր «ռուսական նավ, գնա համապատասխան հասցեով» լոզունգը։

Հրթիռային այս հածանավի անձնակազմի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 510-ից մինչև 758 մարդ: «Մոսկվա»-ն ռուսական սևծովյան նավատորմի ամենահզոր զենքով նավն է: Եվ, ի դեպ, այն կառուցվել է Սովետական Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում 1979-ին, նախկինում կրել է «Սլավա» անունը, 1996-ին վերանվանվել է։ Հրթիռային հածանավը մասնակցել է մի շարք զինված հակամարտությունների, ներառյալ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: Դրանից հետո նավը վերանորոգվել էր։

Փորձագետներն ասում են, որ այն արդիականացված չէր, այդուամենանայնիվ, Սևծովյան նավատորմի ամենահզոր նավն էր և ընդհանրապես ռուսական նավատորմի խորհրդանիշներից էր։ «Մոսկվա» նավում բազմիցս եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա առաջնորդների հետ:

Ռազմական հարցերով ամերիկացի փորձագետ Մայքլ Պետերսենն ասում է, որ դեռ վաղ է խոսել, թե որքան ուժեղ է վնասվել «Մոսկվա» նավը, սակայն սա, ամեն դեպքում, ուկրաինական կողմի մեծ հաղթանակն է ծովում:

«Կարծում եմ, որ այն խորհրդանշական և ռազմավարական նշանակություն ունի», - ասում է Պետերսենը՝ հավելելով, որ այժմ ռուսական նավատորմը կարող է մտածել ուկրաինական ափից ավելի մեծ հեռավորության վրա գործելու անհրաժեշտության մասին:

«Դա կարող է ազդել ափամերձ տարածքների զորքերի և ՀՕՊ-ի անմիջական աջակցության հնարավորությունների վրա: Ես հավատում եմ, որ դա կստիպի ռուս նավաստիներին երկու անգամ մտածել ուկրաինական ափին մոտենալուց առաջ», - նշել է փորձագետը։

Ռուսաստանցի փորձագետ Իլյա Կրամնիկի կարծիքով՝ «Մոսկվա» նավի շարքից դուրս գալը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ուկրաինայում ընթացող մարտերի վրա, քանի որ հիմնական մարտերը ցամաքում են։

«Նավն անհրաժեշտ էր, առաջին հերթին, որպես ռադար աշխատելու համար, այս ռադարից տեղեկատվություն տրամադրելու համար: Եթե ենթադրում եք, որ հրդեհը բռնկվել է թշնամու գործողությունների հետևանքով, ապա մենք ունենք հուսալիորեն հաստատված փաստ, որ Ուկրաինան ստանում է հետախուզական տեղեկատվություն և աջակցություն ՆԱՏՕ-ի երկրներից», - РБК-ն մեջբերում է ռուսաստանցի մեկ այլ փորձագետ Վասիլի Կաշինի կարծիքը, ով պնդում է, որ թեև դրոշակակիր «Մոսկվա»-ն տեսականորեն հզոր նավ է, բայց իրականում այն վաղուց և խորապես հնացած է և ունի ՀՕՊ համակարգի հետ կապված խնդիրներ:

Բացի այդ, ռուս մասնագետի կարծիքով, շարքից դուրս եկած նավը լուրջ մասնակցություն պատերազմում չի ունեցել, քանի որ, նրա խոսքով, անհնար էր նավում տեղակայված հրթիռներով կրակել ցամաքում գտնվող թիրախներին:

XS
SM
MD
LG