Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն քրգործ չի հարուցել ՀՀ պետկառույցներում ռուսական գործակալների մասին «Դոսյե»-ի հրապարակման առնչությամբ


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին «Դոսյե» կենտրոնի հրապարակումն ուսումնասիրելուց հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրաժարվում է հայտնել, թե ինչ արդյունք է ունեցել՝ միաժամանակ «Ազատությանը» տեղեկացնելով, որ «ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ չի հարուցվել և չի քննվել»։

2020-ի սեպտեմբերին հրապարակված «Դոսյե» կենտրոնի հետաքննության համաձայն, Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում կան ռուսական գործակալներ։ Հետաքննության մեջ հիշատակվում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԱԱԾ նախկին ղեկավարների անունները։ Հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանի բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես ռուսականի` «Լյուբյանկայի մասնաճյուղ»։

Ըստ հրապարակման, Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել` «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին։

«Դոսյե» կենտրոնը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:

Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների վերաբերյալ 2019-ի փետրվարին պաշտոնական այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել իրանահայերի հետ հանդիպման ընթացքում՝ ասելով. - «Մենք` որպես ժողովուրդ, այլևս հասունացել ենք` ունենալու հզոր պետություն, ունենալու հզոր ինքնություն, ունենալու անսասան միասնություն և տուրք չտալու օտարամոլությանը, թույլ չտալու, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

2020-ի սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, թե իր գլխավորած ծառայությունը քրեաիրավական գնահատական է տալու Հայաստանի պետական համակարգում գործող ռուսական գործակալների մասին «Դոսյե»-ի հրապարակմանը։ «Այդ հրապարակումը դիտարկում ենք որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք ենք տալիս», - այդ օրը ասել էր Քյարմայանը:

«Դոսյե»-ի հրապարակման վերաբերյալ «Ազատությունը» հարցում էր ուղարկել նաև Գլխավոր դատախազություն, որտեղից այս ամիս՝ ավելի վաղ արձագանքել էին, թե հրապարակումն ուսումնասիրել են, սակայն «ՀՀ իրավասու մարմիններում որևէ քրեական գործ չի հարուցվել»։

«Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ չեն բերվել հրապարակման մեջ հանցագործության կոնկրետ հատկանիշների վերաբերյալ որոշակիություն պարունակող բավարար տվյալներ, այն բաղկացած է հանրածանոթ փաստերի համադրման և շարադրման հիման վրա արվող ընդհանրական բնույթի դատողություններից և առկա չեն դրանք քրեական վարույթի շրջանակներում ստուգման առարկա դարձնելու բավարար հիմքեր, ուսումնասիրությունը թողնվել է անհետևանք»,- նշված է դատախազության պատասխանում։

ԱԱԾ-ն հրաժարվում է հայտնել՝ հրապարակելո՞ւ են ՊԱԿ-ի շարքերում աշխատած անձանց անունները

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր Ազգային անվտանգության ծառայությունից՝ արդյո՞ք հրապարակելու են խորհրդային հատուկ ծառայության՝ Պետանվտանգության կոմիտեի (КГБ) շարքերում աշխատած անձանց անունները։

Այս հարցի վերաբերյալ ԱԱԾ-ից հրաժարվել են տեղեկություն հայտնել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, թե տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն «պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։

XS
SM
MD
LG