Մատչելիության հղումներ

Հրաչյա Հակոբյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի գործակալ է


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի գործակալ է: Իշխանական պատգամավորը չմանրամասնեց, թե ինչն է իրեն նման ենթադրության առիթ տվել:

«Դոսյե» կենտրոնի աղմկահարույց հետաքննությունը պնդում է, որ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում և մանրամասներ է հրապարակում Կրեմլում պահվող գաղտնի փաստաթղթերից: Այստեղ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը կա, Հայաստանի անվտանգության ծառայությունը տարբեր տարիների ղեկավարած անձանց, այդ թվում Արթուր Վանեցյանի անունը, նաև հնարավոր սցենարներ վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ:

Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներն են` հեղափոխությունից հետո Փաշինյանի երբեմնի մյուս դաշնակիցներ ՀՅ Դաշնակցության և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ միասին:

Հրաչյա Հակոբյան. - «Գործունեության հետ կապված չէի ասի, որ կասկածելի ինչ-որ բաներ եմ նկատել, բայց զուտ հենց մենակ էն փաստը, որ, ըստ «Դոսյեի», նրա անձնագիրը հայտնվել է Կրեմլի դարակներից մեկում, դա արդեն բավականին կասկածելի է, և պետք չի բացառել որևէ բան»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասում է, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն. բացառվում է, թե կարող է պարզվել, որ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի գործակալ է. – «Բացարձակապես որևէ վախ չունենք, և բացառվում է, որ որևէ նման բացահայտում տեղի ունենա, որովհետև դա որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում: Իսկ պարոն Հակոբյանին հորդորում եմ իր ներքին անհանգստությունները, վախերը, մտահոգությունները իր մեջ պահել, որովհետև առաջին հերթին դա նախ վնասում է առողջությանը, և երկրորդ հերթին, կարծում եմ, որ ինքը և իր ներկայացրած քաղաքական ուժը մտահոգվելու շատ ավելի կարևոր առիթներ ունի, և մտահոգվելու ու անհանգստանալու շատ ավելի լուրջ հիմքեր ունեն, քան Գագիկ Ծառուկյանի կամ «Բարգավաճ Հայաստանի» մասին անհանգստանալը»:

Տոնոյանը պատկերացում չունի, թե ինչպես է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել Ռուսաստանի արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովի թղթապանակում. – «Ես չեմ կարող տեխնիկական մանրամասներին տիրապետել, թե ինչպես է հայտնվել: Սակայն այն, որ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճեն կարող էր ցանկացած ինչ-որ մեկի միջոցով էնտեղ հայտնվել, դա միանշանակ է»:

Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով, հենց Գագիկ Ծառուկյանը պետք է հետաքրքված լինի պարզելու, թե ինչպես է իր անձնագրի պատճենը հայտնվել Ռուսաստանի իշխանությունների տրամադրության տակ. – «Սա մեծապես հարվածում է Հայաստանի ինքնիշխանությանը, և ես կուզեի, որպեսզի հրապարակային գործողություններ արվեին` ի նշան անհամաձայնության և ի նշան բողոքի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, ֆրակցիայի առաջնորդը և կուսակցությունը առհասարակ... մենք համարժեք արձագանք հրապարակված տեղեկություններին չենք տեսել»:

Տոնոյանն ասում է, որ գնդակն Ազգային անվտանգության ծառայության դաշտում է. իրենք պետք է տան հարցերի պատասխանները: ԲՀԿ-ում, համենայն դեպս, չեն հետաքննում, թե հնարավո՞ր է, որ Ծառուկյանի անձնական տվյալները կուսակցականներն են փոխանցել: Տոնոյանի ձևակերպմամբ` իրենց օրակարգում ավելի կարևոր հարցեր կան. – «Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն կկատարի իր բուն գործառույթները, որ երկրի ներսում ներքին թշնամիների դեմ պայքարելու, «վհուկների որս» իրականացնելու փոխարեն կպայքարի արտաքին մարտահրավերների դեմ, որոնք որ հենց ազգային անվտանգությանն են սպառնում, և կբացահայտի բոլոր էն հնարավոր մարտահրավերները, որոնք նետվում են Հայաստանի Հանրապետությանը, նրա անվտանգությանը և նրա ազգաբնակչությանը»:

Ազգային անվտանգության ծառայությունում դեռ քրեական գործ չկա, բայց ուսումնասիրություն կատարվում է: Ծառայության տնօրենի խոսքով, հրապարակումն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում էր, և ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական կտա դրան:

«Եթե լինի այդ իրավական գործընթացը, այդ իրավական գործընթացների շրջանակներում կարող եմ ասել, որ միգուցե բացահայտվեն նաև անուն-ազգանուններ` իրենց անձնագրերով, իրենց ստորագրություններով նույնպես», - ասաց Հրաչյա Հակոբյանը:

XS
SM
MD
LG