Մատչելիության հղումներ

Դավաճան քաղաքական գործիչները դուրս կմղվեն հայաստանյան քաղաքական դաշտից. արձագանքներ «Դոսյե»-ի հրապարակման վերաբերյալ


Հայաստան - Վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված բազմությանը, 8-ը մայիսի, 2020թ.
Հայաստան - Վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված բազմությանը, 8-ը մայիսի, 2020թ.

Դավաճան քաղաքական գործիչները դուրս կմղվեն հայաստանյան քաղաքական դաշտից, ասում է Ազգային Ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած վերջին հետաքննությանը, համաձայն որի Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում։

«Այն ուժերին, որոնք որ սպասարկում են այլ երկրի շահեր, հնարավորինս հեռու պահեն հայաստանյան քաղաքական դաշտից: Նմանատիպ դավաճան քաղաքական գործիչները, իրենց քաղաքական գործիչ համարողները պետք է դուրս մղվեն հայաստանյան քաղաքական դաշտից: Կարծում եմ՝ պետք է քննարկել անելիքները, թե ինչ անելիքներ պետք է ձեռնարկվի, այդ մարդիկ պարզապես կմերժվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից», - ասաց Հակոբյանը:

Ազգային Անվտանգության ծառայությունը պետք է ստուգի Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանց կա, թե ոչ, ասում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ում, ըստ «Դոսյոե»-ի փաստաթղթի, ռուսական հատուկ ծառայությունները հետևում են որպես արևմտամետ քաղաքական գործիչ։ Սաֆարյանին, օրինակ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ռուսական ծառայությունների ձեռքում հայտնվել Ուկրաինայի ԱԳՆ-ի բողոքի նոտան ուղղված Հայաստանին, քանի որ փաստաթուղթը մինչ այս հրապարակված չի եղել:

«Այս առումով Ազգային անվտանգության ծառայությունները անշուշտ պետք է քննություն իրականացնեն, թե կոնկրետ որտեղից կարող էր այդ փաստաթուղթը, որը չի հրապարակվել, եթե Հայաստանի արտգործնախարարությունը և Ուկրաինայի արտգործնախարարությունը հարմար չեն համարել, որ այդ նոտան գոնե ամբողջական տեքստով տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, ապա ինչպե՞ս է այն հայտնվել ռուսական աղբյուրի մոտ և հետագայում փոխանցվել կենտրոն», - նշեց Սաֆարյանը:

«Դոսյե»-ի մոտ հայտնված զեկուցագրերից մեկում գրված է, որ Ռուսաստանի այդ բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես Ռուսաստանի` Լյուբլյանկայի մասնաճյուղ, ղեկավար կազմում էլ շարունակական փոփոխություններ են ու խառնաշփոթ, որն ուղեկցվում է աղմկոտ պատմություններով։

ԱԱԾ-ն այս հրապարակման հետ կապված որևէ մեկնաբանություն չի տալիս, «Ազատության» հարցերին ի պատասխան էլ հորդորեցին իրենց դիմել գրավոր։

Քաղհասարակության ներկայացուցիչ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ասում է՝ այս թեմայով ցանկացած զրույց ու քննարկում անիմաստ է, խնդիրը միայն մեկ լուծում ունի՝ լյուստրացիա:

«Դավադրության տեսությունների մեջ թաղվելու կարիք չկա, լյուստրացիա, ուրիշ լուծում այդ հիվանդությանը չկա, աշխարհն ուրիշ լուծում չունի», - ընդգծեց Բարսեղյանը:

Իշխանական պատգամավորը ոչ մի իրավական ճանապարհ չի բացառում, ասում է՝ տարբերակներից մեկն էլ խորհրդարանական գործիքակազմ օգտագործելն է։ Ինչ վերաբերում է հետաքննության բովանդակությանը, Հրաչյա Հակոբյանը նշում է՝ շատ պնդումեր իրենց համար նորություն չէին։

«Կային նմանատիպ խոսակցություններ մինչև այդ էլ, որ մարդիկ կան, ուժեր կան, ովքեր տարբեր գործողությունների պլան են ներկայացրել Ռուսաստանի հատուկ ծառայություններին, որ Հայաստանում այսինչ ժամկետներում պետք է այսինչ գործողությունները արվեն, այս մասով գրեթե անակնկալ չէր: Իսկ ծածկանվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող», - ընդգծեց պատգամավորը:

«Ազատության» հարցին, որ Միքայել Հարությունյանի վարկածը կա, նա հիմա Ռուսաստանում է, Միքայել Մինասյանը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում օգոստոսից առաջ, նրանց դիտարկո՞ւմ են այդ կեղծանվան տակ, Հակոբյանը պատասխանեց. «Չեմ բացառում նշված անուններից որևէ մեկին, որովհետև այդ մարդիկ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, և նաև չեմ բացառում, որ այդ մարդիկ նույնպես սպասարկում են, օրինակ, այլ երկրի շահեր, մասնավորապես, Ռուսաստանի շահերը»:

Հետաքննության մեջ հիշատակվում են ԱԱԾ նախկին տնօրենները որպես Ռուսաստանի համար վստահելի կադրեր։ Այդ թվում՝ հիշատակվում է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անունը։ Վերջինս սակայն, այդպես էլ չմեկնաբանեց այս հրապարակումը։ ԲՀԿ-ից ևս չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ըստ իրենց ինչպե՞ս է կուսակցության առաջնորդի անձնագրի պատճենը հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG