Գերմանիայի նախագահի այցը Կիև չեղարկվելուց հետո կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինա մեկնելու իմաստ չի տեսնում։ Inforadio rbb24 ռադիոկայանի հետ զրույցում Շոլցը հիշեցրել է, որ այնտեղ էր մինչև պատերազմը, և հավելել, որ այս փուլում նոր այց չի պլանավորում։
Գերմանական կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչում է Կիևի և Բեռլինի միջև աննախադեպ դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Գերմանիայի նախագահն անցած օրերին Վարշավա է ժամանել՝ այնտեղից Լեհաստանի և Բալթյան երեք երկրների իր պաշտոնակիցների հետ Կիև մեկնելու նպատակով, վերջին պահին, սակայն, ինչպես հայտարարել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինայի իշխանություններից տեղեկացել է, որ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում։
Ուկրաինայի նախագահը երեկ ի պատասխան հայտարարել է, թե իբր ինքն ու իր գրասենյակը Գերմանիայի նախագահի այցի վերաբերյալ որևէ դիմում չեն ստացել։ Մինչդեռ սկանդալից առաջ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը բազմիցս է քննադատել 66-ամյա նախագահ Շտայնմայերին, նրան մեղադրել Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու մեջ՝ մատնանշելով «Հյուսիսային հոսք 2» ռուս-գերմանական գազատարը, որի կառուցման ջատագովներից մեկը, ըստ ուկրաինացի դիվանագետի, Շտայնմայերն է։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները նրա համար հիմնարար, սուրբ մի բան է՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում։ Նույնիսկ ռազմական ներխուժումը այդ հարցում դեր չի խաղում», - Tagesspiegel am Sonntag-ի հետ զրույցում ասել է ուկրաինացի պաշտոնյան՝ քննադատելով նաև գերմանական կառավարության ներկայացուցիչներին։ Անդրեյ Մելնիկի կարծիքով՝ Շոլցի կաբինետը սխալ է գնահատել իրավիճակը Ուկրաինայում և ռուսական ագրեսիայի նախապատմությունը։
2017 թվականից Գերմանիայի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մինչ այդ ութ տարի՝ 2005-2009 և 2013-2017 թվականներին, զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո նրա առաջարկով է ձևավորվել այսպես կոչված «նորմանդական քառյակը», որի մասնակից չորս երկրները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան փորձում էին Ուկրաինայի արևելքում սկիզբ առած հակամարտության կարգավորման լուծումներ գտնել։ Բանակցային սեղանին քննարկվող առաջարկներից մեկը «Շտայնմայերի բանաձև» անվանումը ստացած փաստաթուղթն է, որը ենթադրում է խնդրի փուլային կարգավորում։ Գերմանիայի այժմ արդեն նախկին արտգործնախարարը մասնավորապես առաջարկում էր Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրել և այդ տարածքներում տեղական ընտրություններ անցկացնել, ինչին Կիևը կտրականապես դեմ էր։
Շտայնմայերի այցը Կիև չեղարկելուց հետ Ուկրաինայի իշխանությունները Գերմանայի կանցլերին են հրավիրել հանդիպման։ «Մեր նախագահը և կառավարությունը ուրախ կլինեին, եթե կանցլեր Օլաֆ Շոլցն այցելի Կիև»,- ասել է Բեռլինում Ուկրաինայի դեսպանը՝ հավելելով, որ Գերմանիայի առաջնորդի այցի գլխավոր թեման պետք է դառնա Ուկրաինային ծանր սպառազինության տրամադրումը։ «Մեր նախագահը դրան անհամբերությամբ է սպասում»,- շեշտել է Ուկրաինայի դեսպանը։
Ռուս -ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր պաշտոնական Բեռլինը հրաժարվում է ծանր սպառազինություն մատակարարել՝ Ուկրաինային ուղարկելով բացառապես պաշտպանական զենքեր։