Մատչելիության հղումներ

Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել քննիչին ու նրա անմիջական ղեկավարին


Դատավոր Սամվել Ուզունյանը, արխիվ
Դատավոր Սամվել Ուզունյանը, արխիվ

Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել քննիչին ու նրա անմիջական ղեկավարին։ Ամիսներ առաջ լուծարված Հատուկ քննչական ծառայության քննիչները, որոնք այժմ աշխատում են նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում, մեղադրվում են պաշտոնական անփութության համար։

Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը, ըստ Գլխավոր դատախազության, չեն կատարել գլխավոր դատախազի ցուցումը՝ անհապաղ միջոցներ չեն ձեռնարկել քրեական գործով մեղադրյալ դատավորին ազատությունից զրկելու համար, ինչի հետևանքով 2019-ի դեկտեմբերին Սամվել Ուզունյանը կարողացել է փախուստի դիմել։

«Սա խոսում է այն մասին, որ Ուզունյանը կոռուպցիոն կապերի մեջ է եղել քննիչների հետ: Ուզունյանն ումի՞ց է իմացել, որ նկատմամբ քրեական գործ են հարուցել արդեն: Անխուսափելի է, չէ՞, այն փաստի գիտակցումը, որ նման մարդը կամ հանցագործություն կատարած անձը, եթե նրա նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնվի խուսափելու է պատասխանատվությունից և քրեական գործի վարույթ իրականացնող մարմնից», - ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը տարակուսած է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Ուզունյանը Հայաստանից հեռացել էր մեղադրյալ դառնալուց մի քանի ժամ անց, ինչպե՞ս չէին հասցրել իրավապահները սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգում (ՍԷԿՏ) փակել նրա ելքը։

Ըստ իրավապահների, երբ նախկին դատավորը որպես մեղադրյալ է ներգրավվել, դատախազությունը նույն օրը Հատուկ քննչական ծառայության քննիչին առաջարկել է ստանալ որոշումներն ու անհապաղ կատարել դատախազի ցուցումները։ Բայց քննիչն ու նրա անմիջական ղեկավարը հայտնել են, որ գլխավոր դատախազի որոշումը կվերցնեն հաջորդ օրը։ Եվ մինչ կբացվեր հաջորդ օրը, Ուզունյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մոսկվա։ Քննիչներին անգամ չի զգոնացրել «Զվարթնոց» օդանավակայանից ստացված հեռախոսազանգը, երբ տեղեկացել են, որ Ուզունյանը օդանավակայանում է և Մոսկվայի տոմս է գնել։

Սաքունցը դատաիրավական համակարգը չբարեփոխելու ցայտուն օրինակ է որակում կատարվածը։ Նկատում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն անցել են բարեվարքության ստուգում, բայց պարզվում է, դա այդքան էլ այդպես չէ:

«Ցանկացած շարքային քաղաքացու դեպքում վստահ եղեք, որ շատ օպերատիվ աշխատելու էին, որովհետև նրա հետ պայմանական կոռուպցիոն նախկին պատմություն չունեն, մեկը մյուսի վրա կոռուպցիոն շահեր չունեն: Հիմա կոռուպցիոն շահեր ունեցող տարբեր կառույցների ներկայացուցիչները պետք է հեռացվեն համակարգից», - ընդգծեց Սաքունցը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն, իր հերթին, կարծում է, որ ԱԱԾ-ն դեռ պետք է ապացուցի, որ քննիչներն իսկապես թերացել են կատարել դատախազի ցուցումները երեկոյան ուշ ժամի՝ սպասելով հաջորդ օրվան։

«Անհապաղ կատարում, ըստ էության, չի նշանակում՝ ստացար, մեկ ժամ հետո դու պետք է մեղադրանք առաջադրես, դա կախված է գործի ընդհանրապես բազային տվյալներից: Պետք է ունենալ նաև բացի դատախազի որոշումից և քննիչի գործողություններից օպերատիվ հետախուզական տվյալներ՝ այդ անձը պատրաստվում է փախուստի դիմել և այլն: Տրամաբանորեն կարող է նման հետևություն արվել, որ կարող է փախուստի դիմել, բայց մեկ օրվա կտրվածքով նույնիսկ, այսպես ասած, մեկ գիշերվա կտրվածքով, ինտերվալով նայել, ասել, որ քննիչն անգործություն է ցուցաբերել, պետք է ունենալ հստակ ապացույցներ, որպեսզի կարողանալ նման մեղադրանք առաջադրել», - նշեց նա:

Մարտիրոսյանը տարակուսում է, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն Ուզունյանի փախուստից 2.5 տարի անց միայն մեղադրանք առաջադրում քննիչներին, արդյոք դժվա՞ր էր ավելի շուտ ապացույցներ հավաքել, հարցնում է փորձագետը, միևնույն ժամանակ, հիշեցնելով վերջերս սրված դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե հարաբերությունների մասին։

«Բոլոր ապացույցները եղել են 19 թվականին: Ճիշտ է այդ հեռախոսազանգն էլ գործով մեղադրյալ գրավելու որոշումն էլ, ինչի է հիմա, էս պահը ընտրվել, սա է հիմնական խնդիրը: Ամեն դեպքում իմ համար տարօրինակ է, եթե այդ ապացույցները եղել են 19 թվականին, ինչո՞ւ է այս պահն ընտրվել: Ամեն դեպքում 2,5 տարվա ընթացքում քննել՝ ով էր մեղավոր, որ քննությունից խուսափեց կամ չխուսափեց, բնական է՝ տրամաբանական չէ», - ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանից հեռանալուց ամիսներ անց կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Ուզունյանի դեմ հարուցված քրեական գործը կասեցվել էր մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Իրավապահները չեն մանրամասնում, թե արդյոք հիմա քննվո՞ւմ է նաև օդանավակայանի այն դրվագը, երբ Ուզունյանին պատկանող ճամպրուկում իրավապահները փամփուշտ էին հայտնաբերել, ընդ որում՝ դատավորն ուղեբեռն իր հետ ինքնաթիռ չէր տարել։ Այս հարցերի պատասխանները մինչև հիմա իրավապահները չեն տվել, ասում է իրավապաշտպան Սաքունցը։

Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի մեկնաբանում իր աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը։ Հայտնի չէ նաև, թե ինչ խափանման միջոց է ընտրվել քննիչների համար և արդյոք կասեցվելո՞ւ է նրանց գործունեությունը մինչև քրեական գործի ավարտը։

XS
SM
MD
LG