Մատչելիության հղումներ

Ո՞ւր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի բանալիները. խնդիրը դեռ չի լուծվում


Ո՞ւր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի բանալիները. դատախազությունը պնդում է՝ ամիսներ առաջ առգրավվածը 4 օր առաջ հետ են ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Խորհրդից պնդում են՝ դեռ չեն ստացել։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը աշխատանքային օրվա ավարտին «Ազատությանը» տեղեկացրեց՝ դատախազությունից ընդամենը մի գրություն են ստացել, բայց առանց բանալիների, իսկ դրանք այն գաղտնաբառերն են, առանց որոնց համակարգը չի կարող գործարկվել։

«Բանալիները չեն ուղարկվել փաստորեն, ընդ որում գրության մեջ էլ նշված չէր, որ բանալիներն ուղարկում են: Ինքը կարող էր լինել ինչ-որ մի դիսկ, որի մեջ կան այդ կոդերը, որոնք դրվում են այդ ծրագրի մեջ, և ծրագիրը դրանով աշխատում է, այսինքն` իմանալը քիչ է, կարող է դրանք պետք են, որպեսզի կարողանաս ծրագիրն աշխատեցնել», - ասաց նա:

Եվ քանի դեռ դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը չի ստացել պահանջվող բանալիները, ապա դատական գործերը դեռևս դատարանների նախագահներն են բաժանում՝ ձեռքով մակագրման միջոցով, ինչը տեղական ու միջազգային փորձագետներից շատեր են խնդրահարույց համարում։ Մինչ այս բաշխումը կատարվում էր էլեկտրոնային համակարգով առանց մարդկային որևէ միջամտություն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ոչ թե մեկ, այլ երկու անգամ են գաղտնաբառերն ուղարկել: Թե ինչու դրանից որևէ մեկը դեռ ԲԴԽ չի հասել, Աբրահամյանը դժվարանում է ասել. «Այն բանից հետո, երբ որ առաջին օրը Բարձրագույն դատական խորհրդից հանդես եկան հայտարարությամբ` հերքելով, որ ստացել են, մեր կողմից այդ օրը, քանի որ նախորդ օրն էր գրությունը ուղարկվել, այդ օրը ևս գրությունը մուտքագրվել է այնտեղ` գրեթե նույնաբովանդակ, որով կրկին հավաստվել է, որ հնարավոր է տեխնիկապես ապահովել այդ համակարգի գործարկումը: Մնացածը գտնվում է ԲԴԽ-ի իրավասությունների լիարժեք պատասխանատվության դաշտում` հետագա շահագործման իմաստով»:

Այս պատմությունը սկսվել էր կես տարի առաջ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել դատավորների միջև գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու, պաշտոնեական դիրքի չարաշահման դրվագով։ Փորձաքննության համար ԱԱԾ քննիչները առգրավել էին դատարանների համակարգչային ծրագրի մուտքի և կառավարման բանալիները։ Այդ գործով քննությամբ որևէ մեկին դեռ մեղադրանք չի ներկայացվել, սակայն, ըստ դատախազության, փորձաքննությունն ավարտվել է, և համակարգը կարելի է կրկին գործարկել:

«Փորձագետը տվել է որոշակի եզրակացություն առ այն, որ դատական ակտերի էլեկտրոնային բաշխման համակարգի հետագա գործարկումը որևէ ձևով չի կարող այլևս խոչընդոտել ինչպես փորձաքննության արդյունավետության արդյունքների վրա, այնպես էլ քրեական գործի հետագա ընթացքի վրա», - նշեց Գոռ Աբրահամյանը:

«Ազատության» հարցին՝ արդյոք դատախազության գրությունը բավարար չէ՞ համակարգը հին կոդերով գործարկելու համար, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց. «Դա այդքան պարզեցված չի, այստեղ ավելի բարդ կոդերի մասին է խոսքը, որոնք եթե առգրավում են, այլևս դու չունես դրանք: Մենք դեպարտամենտին չհավատալու որևէ իրավունք չունենք, որ առանց այդ կոդերի հնարավոր չէ այդ համակարգն աշխատացնել, իսկ կոդերը դեպարտամենտը չի ստացել»:

ԲԴԽ-ի ջանքերը բավարար չեն. Սաքունց

Ինչպե՞ս է ստացվում, որ պետական համակարգի երկու կառույցներ օրեր շարունակ այնպես են համագործակցում, որ խնդիրը չի լուծվում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ նման գործելաոճն առաջին անգամը չէ, և այս օրինակը ամրապնդում է դատավորների և փաստաբանների մտահոգությունը, որ Բարձրագույն դատական խորհուրդը շահագրգռված չէ այս խնդրի լուծմամբ։

«Այստեղ ես տեսնում եմ ԲԴԽ-ի կողմից ոչ պատշաճ ջանքերի գործադրում` օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ այս բանալիները ստանալու և ի վերջո դատական համակարգը բնականոն վիճակին վերադարձնելու ուղղությամբ: Հիմա թե դա փնթիության հետևանքով է, թե համակարգի խափանված լինելու հետևանքով է, պետք է պարզվի, բայց որ ինձ համար ակնհայտ է, որ ԲԽԴ-ի կողմից ջանքերը` օր առաջ ստանալու այդ դատական գործերի բացման համակարգի բանալիները և գործի գցելու, պատշաճ չեն, ես դա ինձ համար հիմնավոր եմ համարում նման պնդումը», - նշեց նա:

Իրավապաշտպանի կարծիքով` ծառայողական քննություն պետք է նշանակվի՝ պարզելու` Երևանի մի կետից մյուսը հասնելիս պաշտոնական նամակները որտեղ և ինչու են անհետացել. «Սա արտառոց է, չնայած մենք ունեցել ենք նման դեպք նախկինում, երբ որ Արդարադատության նախարարության և Պաշտպանության նախարարության անհայտ կորածի մասին օրենքի նախագիծն էր կորել, բայց մյուս կողմից էլ` ես նույնիսկ գտնում եմ, որ պետք է ծառայողական քննություն նշանակվի այս խնդրի առաջացման պատճառները բացահայտելու, ուսումնասիրելու և ճշտելու համար»:

Խորհրդի անդամ Բեքմեզյանի խոսքով` կապ են հաստատել դատախազության հետ և անում են հնարավորը խնդիրն օր առաջ լուծելու համար։

XS
SM
MD
LG