Արդեն ավելի քան կես տարի համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, սա ոտնահարում է անձի արդար դատաքննության իրավունքը, հրապարակված արտահերթ զեկույցում եզրահանգել է մարդու իրավունքների պաշտպանը։
Մի շարք փաստաբաններ ու ընդդիմադիր գործիչներ ևս տևական ժամանակ պնդում են, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը մակագրվում են իշխանությանը ցանկալի դատավորներին։
«Գոյություն չունեցող և ոչ իրավաչափ պատրվակով էդ սերվերներն առգրավվել են։ Պարզ տրամաբանությունը հուշում է՝ որպեսզի համապատասխան իրենց գործողությունները, մակագրման հետ կապված, դիտավորյալ կատարեն», - ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դատական գործերի էլեկտրոնային, այսինքն համակարգչի միջոցով մակագրման ձևը դադարեց գործել, երբ նախորդ տարվա ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, ինչից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այբբենական կարգով։
ԱԱԾ-ից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ այս գործով դեռևս մեղադրյալներ չկան։
Մինչ իրավապահները փորձում են պարզել, թե ովքեր են ապօրինի միջամտել դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման աշխատանքներին, Արման Թաթոյանը ներկայացնում է այս քրեական գործի պատճառով դատական համակարգը, ըստ իր բնորոշման, անորոշ վիճակի բերած իրավիճակը։
Չնայած օրենքը էլեկտրոնային մակագրման չգործելու դեպքում հնարավորություն է տալիս դատարանների նախագահներին ձեռքով մակագրման տարբերակն ընտրել, այդուհանդերձ, Արման Թաթոյանը օրենսդրական մակարդակում խնդիրներ է գտել։
Առաջինն, ըստ օմբուդսմենի, այն է, որ օրենքը էլեկտրոնայինի փոխարեն ձեռքով մակագրում թույլ է տալիս անհաղթահարելի ուժի դեպքում։ Թաթոյանը, սակայն, քրեական գործի պատճառով անորոշ ժամկետով էլեկտրոնային մակագրությունից հրաժարվելը չի համարում այդպիսին և հավելում է՝ Դատական օրենսգիրքը չի մանրամասնում, թե որն է այս դեպքում անհաղթահարելի ուժը։
«Ստացվում է, որ քրեական հետապնդման մարմնի որոշմամբ կամ որ նույնն է՝ միջամտությամբ, կարող է խաթարվել երկրի արդարադատության ողջ համակարգում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը ու ավելին, այն կարող է դիտարկվել որպես անհաղթահարելի ուժ: Սա քրեական հետապնդման մարմնի բացահայտ միջամտություն է դատարանների ու դատավորների անկախության ու անաչառության սահմանադրական և միջազգային պահանջներին», - իր արտահերթ զեկույցում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդն այս հարցի շուրջ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ իրենց համար ստեղծված վիճակը հենց անհաղթահարելի ուժ է։
«Մեզ համար անհաղթահարելի ուժը դա կոնկրետ համակարգչայն ծրագրով մակագրում իրականացնելու անհնարինությունն է, որը կախված չէ մեզնից և որը տվյալ պահի դրությամբ չի կարող լուծվել, որովհետև այս պահի դրությամբ մենք այս ծրագիրը չենք կարող օգտագործել, որովհետև առգրավված է և փաստացի մենք չենա կարող նոր ծրագիր ունենալ, որովհետև ծրագիր գրելը դա երկարատև գործընթաց է», - ասաց Բեքմեզյանը։
Օմբուդսմենի դիտարկումները, շփումները փաստաբանների և դատավորների հետ ցույց են տվել, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով չեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը:
Թաթոյանը օրինակներ է բերում, որոնք անցած ամիսներին ահազանգել են փաստաբաններն ու դատավորները։ Օրինակ՝ հաճախ չի պահպանվում ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այս հարցը բարձրաձայնել է ամիսներ առաջ, երբ քննվում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանյանին կալանավորելու հարցը։ Ալեքսանյանի պնդմամբ, հենց ձեռքով մակագրման հետևանքով գործն իշխանության կամքը կատարող դատավոր քննեց։
Ալեքսանյանն ու շատ այլ փաստաբաններ դիտավորություն են տեսնում ամիսներ ձգվող գործով դատարանների տեխնիկան առգրավված պահելու հարցում։
Իրենց հերթին, որոշ դատավորներ, անանուն մնալու պայմանով, օմբուդսմենին տեղեկացրել են՝ տևական ժամանակ է՝ ինչ որոշ դատավորների դիտավորությամբ չեն մակագրվում որոշակի կատեգորիայի՝ օրինակ՝ հանրային հետաքրքրություն ունեցող գործեր։
Գրիգոր Բեքմեզյանը հակադարձում է՝ դատավորները կարող էին իրենց ներկայացնել այս խնդիրները, իրենք էլ կփորձեին լուծել։ Բեքմեզյանի խոսքով, իրենք չեն կարող ԱԱԾ-ից պահանջել հետ բերել տեխնիկան, միակ այլընտրանքն էլ ձեռքով մակագրումն է։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում ընդգծում է՝ անվիճելի է, որ ի տարբերություն համակարգչային ծրագրի միջոցով դատական գործերը բաշխելու դեպքերի, չկան դատարանի նախագահի կողմից բաշխումն իրականացնելու չափանիշներ և դրա կարգը սահմանող մանրամասն կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն դատական գործերի բաշխման գործընթացի շրջանակներում անկախության և անաչառության ապահովմանը։
Առկա խնդիրները պարզաբանելու համար Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան։