Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։
Պապուաշվիլին այսօր է ժամանել Հայաստան՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է:
Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:
Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: