Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժել է բանակցությունների մանրամասները պատգամավորներին զեկուցելու մասին «Պատիվ ունեմ»-ի նախագիծը 


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան, պատգամավորներ Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, արխիվ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան, պատգամավորներ Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, արխիվ

Կառավարությունը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր փոխել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որ վարչապետն ու արտգործնախարարը արտաքին քաղաքականության, անվտանգային հարցերով բանակցային գործընթացի մասին երկու-երեք ամիսը մեկ զեկուցեն պատգամավորներին։ Գործադիրը պնդել է՝ պատգամավորներն առանց այդ էլ տեղեկատվություն ստանալու բավարար միջոցներ ունեն։

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանին հիմնավորումը չի համոզել։ «Անհեթեթ է կառավարության պատասխանը։ Պառլամենտական երկրում իրենք ուզում են, որպեսզի հերթական անգամ, պառլամենտը բանակցային գործընթացից, մեր երկրի էս պահին թիվ մեկ մարտահրավերից, լինի լուսանցքում», - ասաց Մամիջանյանը։

Կառավարությունը հիմնավորել է, թե գործադիրը իր ծրագրի կատարման, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մասին տարեկան զեկույց է ներկայացնում խորհրդարանին։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կարող են հաշվետվություն պահանջել այդ ծրագրի կատարման ընթացքից, ինչպես նաև պաշտոնյաներին հրավիրել՝ բաց մնացած հարցերը պարզաբանելու համար։ Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասները պատգամավորներին զեկուցելու պահանջին, կառավարոթյունը նշել է՝ «դա շարունակական գործընթաց է և անհնար է բանակցությունները չավարտված՝ վերջնական արդյունքներից խոսել»։

«Պատճառաբանությամբ իրենք բերում են, որ բանակցությունը դինամիկ գործընթաց է, և անհնար է որևէ կերպ դրա հաշվետվողականությունը և նպատակաները ապահովել։ Այնինչ մենք օրինագծի հիմնավորման մեջ գրել էինք, որ խոսքը գնում է, բնականաբար, հիմնական կարմիր գծերի, ուղենիշների մասին։ Այսինքն՝ հաշվետվողականություն, թե նախորդ երեք ամիսների ԱԳՆ-ի պարագայում և վեց ամիս վարչապետի պարագայում, որքան և ինչ բանակցություններ են տարվել, որտեղ ենք գտնվում և ինչ ուղենիշներ կան ապագա բանակցային գործընթացի համար, ինչ կարմիր գծեր կան», - ասաց Մամիջանյանը։

Ընդդիմության հիմնավորմամբ, այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ է հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, որպեսզի պատգամավորները տեղյակ լինեն՝ Հայաստանի հակառակորդների հետ ինչ է բանակցում վարչապետ Փաշինյանը, ինչ որոշումներ է ընդունում։

Այս նախագծի քննարկման համար ընդդիմությունն անցած շաբաթ Ազգային ժողովում լսումներ էր հրավիրել։ Ընդդիմության օրնսդրական նախաձեռնությունն ավելի ուշ կքննակվի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում։

«Եթե հանկարծ «Քաղաքացիական պայմանագիրը», ինչում ես գրեթե վստահ եմ, բացասական եզրակացություն տա որպես մեծամասնություն Պետաիրավական հանձնաժողովում այս օրինագծին, կստացվի, որ Ազգային ժողովի մեծամասնությունը, ինքն իր ձեռքով, հրաժարվում է Ազգային ժողովին տալ վերահսկողական ֆունկցիա», - եզրափակեց Մամիջանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG