Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երեկ անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 56.2 տոկոսով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը։ Երկրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որը ստացել է ձայների 41,5 տոկոսը։
Այս ուժի առաջին համարը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։ Տեղական ընտրություններում պայքարն այս երկու ուժերի միջև էր ընթանում։
Ընտրությունների մեկնարկից ժամեր անց Վեդիին միացված Ուրցաձորի ընտրատեղամասերից մեկի առջև փոխադարձ հայհոյանքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2 տասնյակ աջակիցներ հարձակվել էին ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քաղաքացու վրա։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին` միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
«Շատ մտահոգիչ է, որ ընտրական տեղամասի մուտքի մոտ ընտրությունների հետ կապված հարցով հակադիր ուժերի ներկայացուցիչները սկսում են կռիվ անել, և իշխանական ուժի ներկայացուցիչները, ըստ էության, ծեծի են ենթարկում ընդդիմության ներկայացուցչին, թեև ընդդիմության ներկայացուցիչը հայհոյանքներ էր հնչեցրել վարչապետի հասցեին, բայց դա ծեծելու առիթ չէ` մեղմ ասած։ Ընդ որում, դա տեղի էր ունենում ոստիկանության զորքերի` առնվազն 3 ծառայողների աչքի առջև, որոնք ավելի շատ հանդիսատեսի կարգավիճակում իրենց զգային։ Պետք է ծառայողական քննություն լինի, և պարզվի, թե ինչու էին իրենք այդտեղ իրենց զգում հանդիսատեսի կարգավիճակում», - ասում է «Անկախ դիտորդ դաշինքի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Գրանցվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք
Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս դեպքով ծառայողական քննություն չի ընթանում։ Գլխավոր դատախազությունն իր հերթին հաղորդում է ընտրություններին արձանագրված առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպքի մասին։ 6-ով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ դատախազության՝ բացի վիճաբանության և բռնության դեպքից, եղել են նաև ընտրության գաղտնիության խախտումներ, կուտակումներ, կրկնաքվեարկություն և լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք։
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ դաշինքի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ նաև ականատես են եղել, թե ինչպես է «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ընտրողներին ավտոբուսներով տեղափոխում ընտրատեղամաս։ Դիտորդը նաև նշում է՝ վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունեցել. նախընտրական շրջանում իշխող ուժի համայնքապետի թեկնածու, Վեդիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքային բյուջեից բնակիչներին դրամական օգնություն է հատկացվել։
«Դա մենք գնահատում ենք որպես վարչական ռեսուրսի չարաշահում, որովհետև քաղաքական ուժերից մեկը, ըստ էության, այդ բարեգործությունը, որը բաժանվում է համայնքի բյուջեից, ասոցացվում է քաղաքական ուժերից մեկի հետ, որը այդ պահին համայնքային իշխանություն ունի, որի ներկայացուցիչն այս պահին համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է և համայնքի ղեկավարի թեկնածուն է: Եվ ակամայից այդ բարեգործությունն ստացած անձանց մոտ սա ընկալվում է որպես բարեգործության ու նախընտրական քարոզչության մեկտեղում։ Ընկալումը մարդկանց մոտ այդպիսին է, և դա, բնականաբար, անհավասար պայմաններ է ստեղծում մրցակից ուժերի համար, որովհետև մրցակից ուժերը չեն կարող նման բան անել», - շեշտում է Իոաննիսյանը։
«Դե լավ, ի՞նչ վարչական ռեսուրս». նախարարի գնահատականը
Գարիկ Սարգսյանը ազատ, արդար, ժողովրդավար ընտրություններո՞ւմ է հաղթել, այսօր լրագրողները հետաքրքրվեցին իշխող թիմի անդամ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Պատասխանը միանշանակ էր. «Իհարկե։ Դե լավ, ի՞նչ վարչական ռեսուրս»։
Նախարարի խոսքով՝ Վեդիում պարզ, ընտրական գործընթաց է տեղի ունեցել, որևէ կեղծիք չի եղել. «Մարդիկ իրենց իրավագիտակցությունը, իրենց ձայնի արժեքը շատ լավ գիտեն, իրենց ընտրությունը անում են»։
«Ով էլ լինի` մեզ համար մեկ է»
Մոտ 40 հազար բնակիչ ունեցող Վեդիի տարբեր համայնքներում բնակիչները մեծամասամբ հետաքրքրված չէին երեկվա ընտրություններով, ասում են. «Ի՞նչ ընտրություն, սաղ սուտ բան ա, աշխարհի դրությունը լավ լինի»:
«Ով էլ լինի` մեզ համար մեկ է, նույն տանջվող մարդիկն ենք մենք, մի քիչ գյուղը հարմարեցնեն…»։
«Քաղաքացիական պայմանագիրը» Վեդիում հաղթեց միայն երկրորդ փորձից հետո: Դեկտեմբերին այստեղ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: ՔՊ-ն երկրորդ տեղում էր, բայց ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնության մասնակիցները ևս չչեկան: Արդյունքում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, հետո էլ նոր ընտրություններ նշանակվեցին:
Մինչ այս ընտրությունները վարչապետի որոշմամբ համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, ով հայտարարել էր, որ մասնակցելու է նաև նոր ընտրություններին։ Այս որոշումից հետո խորհրդարանական ընդդիմությունից բարձրաձայնեցին անհավասար մրցակցային պայմանների մասին։