Մատչելիության հղումներ

Արևմուտքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում


Քննարկվում են Եվրամիության կողմից ամբողջական էներգետիկ էմգարգոյի և նույնիսկ Մեծ քսանյակից Ռուսաստանին դուրս թողնելու հարցերը։

Արևմուտքը պատրաստվում է առաջիկա օրերին է'լ ավելի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահի վրա և նոր՝ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Քննարկվում են Եվրամիության կողմից ամբողջական էներգետիկ էմգարգոյի և նույնիսկ Մեծ քսանյակից Ռուսաստանին դուրս թողնելու հարցերը։

Ջեյք Սալիվան
Ջեյք Սալիվան

Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Մեծ քսանյակից Ռուսաստանին հեռացնելու գաղափարին, և մտադիր է հարցը քննարկել իր գործընկերների հետ. - «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն այլևս չի կարող սովորական ձևով գործել միջազգային կառույցներում և միջազգային հանրույթում»։

Reuters-ը, վկայակոչելով Մեծ յոթնյակի մի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, թե Մեծ յոթնյակում նման քննարկումներ արդեն եղել են:

Չինաստանի արտոգրոծնախարարության խոսնակը, մինչդեռ, արդեն հայտատարել է, թե Մեծ քսանյակի ոչ մի երկիր չի կարող մեկ ուրիշին զրկել ֆորումին մասնակցելու իրավունքից. - «Մեծ քսանյակը միջազգային տնտեսական համագործակցության հիմնական ֆորումն է, և Ռուսաստանը դրա կարևոր անդամն է։ Մեծ քսանյակի ոչ մի անդամ իրավունք չունի այլ երկրին զրկել անդամությունից»։

Մեծ քսանյակին, ի թիվս այլ երկրների, անդամակցում են Չինաստանը, Բրազիալիան, Թուրքիան, որոնք շարունակում են շփումները Կրեմլի հետ։

Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր պարբերաբար հայտարարում է, թե անիմաստ է խոսել Ռուսաստանի միջազգային մեկուսացման մասին, քանի որ միջազգային համայնքի շատ պետություններ, չնայած Արևմուտքի կոշտ ճնշումներին, շարունակում են գոնե լուռ աջակցել Ռուսաստանին։ Այս շարքում Ռուսաստանն առաջին հերթին մատնանշում է Չինաստանը և Թուրքիան։

Բացի դրանից, Ռուսաստանի իշխանություններն ասում են, թե Մոսկվային աջակցում են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները, թեև այդ պետություններից ոչ մեկը չի հայտարարել, որ պատերազմում աջակցում է Ռուսաստանին՝ բացառությամբ Բելառուսի, որը սակայն հրաժարվում է սեփական զորքերն ուղարկել Ուկրաինա։ Համենայն դեպս, նախագահ Լուկաշենկոն հրապարակավ հայտարարում է, թե թույլ չի տա, որ Բելառուսը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ։ Այսօր այս մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը. - «Այսօր երկրի զինված ուժերը, պետության ռազմական ուժերը պատրաստ են պաշտպանել երկիրը՝ բայց միայն իրենց երկրի տարածքում։ Նախագահը խոսեց այս մասին, և ես պաշտոնապես հայտարարում եմ՝ թույլ չենք մեզ ներքաշել ցանկացած ռազմական բախումների մեջ»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ևս այսօր պնդել է, թե նման հարց չի քննարկվում։ Ավելին, Դմիտրի Պեսկովն ասել է, թե նման հնարավորություն չի քննարկվել նաև ՀԱՊԿ հարթակում, որին մասնակցում է նաև Հայաստանը։

Մեկուսացումը, պատժամիջոցները կործանարար ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա

Ռուսաստանի իշխանությունների է'լ ավելի խորացող մեկուսացումը արձանագրում են թե' ռուսաստանցի, թե' արտասահմանցի փորձագետները՝ նկատելով, որ Ռուսաստանի մեկուսացումն ու կոշտ պատժամիջոցները հրահրեցին երկրի տնտեսության վատթարագույն ճգնաժամերից մեկը։

Ճգնաժամը նոր է սկսվում։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե կկարողանան նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները, և պետությանը կհաջողվի կատարել սոցիալական բոլոր պարտավորությունները։

Մասնավորապես, Պուտինն այսօր հայտարարել է Եվրոպա գազի մատակարարման համար վճարումները որքան հնարավոր է շուտ ռուբլով փոխանցելու մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել դոլարով և եվրոյով։ Սա այն դեպքում, երբ առաջիկա օրերին Եվրամիության երկրների և Միացյալ Նահանգների ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանին էներգետիկ էմբարգո հայտարարելու հնարավորությունը։

Ռուսաստանի իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե աննախադեպ կոշտ պատժամիջոցները կանխատեսել ու նախօրոք պատրաստվել էին։ Սակայն երկրի արտգործնախարարն այսօր խոստովանեց, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ կսառեցվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն Արևմուտքում։

Միջազգային տնտեսագետները, չնայած պատժամիջոցներին հակազդելու Մոսկվայի ձեռնարկած քայլերին, հոռետես են և կանխատեսում են լուրջ ճգնաժամ արդեն առաջիկա ամիսներին։

«Պուտինի կառավարման գալիք տարիները խիստ կնմանվեն Ելցինի կառավարման ամենավատ տարիներին», - գրում է, օրինակ, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Բրանկո Միլանովիչը։

Առաջիկա ամիսներին, նրա կարծիքով, Ռուսաստանին բարդ ժամանակաշրջան է սպասվում. գործազրկությունն ու գները կաճեն, ինչից առաջին հերթին կտուժեն աղքատները։ Հնարավոր է նույնիսկ, որ ներդրվեն վաղուց մոռացված սննդի կտրոններ։

Փախչելով հնարավոր ռեպրեսիաներից և տնտեսական ճգնաժամից՝ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ ամեն օր հեռանում են երկրից։ «Բլումբերգը», վկայակոչելով իր աղբյուրներին, այսօր հայտնեց, որ հազարավոր ռուսաստանցիների նման երկրից հեռացել է նաև Ռուսաստանի նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը։ Չճշտած լուրերի համաձայն, Ռուսաստանի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը այժմ գտնվում է Ստամբուլում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG