Ֆինլանդիայի VR Group երկաթուղային ընկերությունը մարտի 28-ից դադարեցնում է Հելսինքի-Սանկտ Պետերբուրգ երթուղին կատարող Allegro գնացքների աշխատանքը: Այդ մասին հայտնել է Helsingin Sanomat պարբերականը:
Թերթի փոխանցմամբ, Ֆինլանդիայի կառավարությունում Եվրոպայի գործերով և սեփականության տնօրինման հարցերով նախարար Տիուտի Տյուպուրայնենը VR Group ընկերության ղեկավարներին ուղարկել է պաշտոնական նամակ, որում նշել է, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ Allegro գնացքների հետագա շահագործումն այլևս նպատակահարմար չէ:
«Մինչ օրս մենք շարունակել ենք աշխատեցնել այդ երթուղին, քանի որ պետք է ապահովեինք Ֆինլանդիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Այս շաբաթների ընթացքում նրանք, ովքեր մտադիր էին լքել Ռուսաստանը՝ հասցրել են դուրս մեկնել այդ երկրից», - ասել է VR Group ընկերության ուղևորափոխադրումների բաժնի տնօրեն Տոպի Սիմոլան:
Allegro տեսակի գնացքներ արտադրող Alstom ֆրանսիական ընկերությունը մարտ ամսվա սկզբին հայտնել է Ռուսաստան բոլոր մատակարարումները դադարեցնելու մասին:
Ռուսաստանի համար Сапсан տեսակի էլեկտրագնացքներ արտադրող Siemens գերմանական ընկերությունը մարտի 22-ին նույնպես սառեցրել է պայմանագիրը ռուսական կողմի հետ: