Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին ողջ է, բժիշկները շարունակում են պայքարը նրա կյանքի համար․ Վոլոդին


Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Դումայում կուսակցական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը:

Վոլոդինը խորհուրդ է տվել այդ ոչ արժանահավատ տեղեկությունը հրապարակած օրենսդիրին հրաժարական ներկայացնել: Նա դիմել է նաև լուրը տարածած լրատվամիջոցներին իրենց կայքերից հեռացնել այդ հաղորդագրությունը:

«Ճիշտ կլինի, որ դուք առողջություն մաղթեք Վլադիմիր Վոլֆովիչին, եթե, իհարկե, խիղճ ունեք», - ասել է Վոլոդինը՝ Ժիրինովսկու մահվան մասին լուրը տարածած լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Այսօր ավելի վաղ Տելեգրամ ալիքներում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ ուրբաթ առավոտյան Ժիրինովսկին մահացել է հիվանդանոցում:

Լրատվամիջոցներն այդ տեղեկությունը վերցրել են խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Պրոնյուշկինի Տելեգրամ ալիքից:

Վոլոդինը պնդում է, որ Ժիրինովսկին ողջ է, և բժիշկները շարունակում են պայքարը նրա կյանքի համար:

Պետական դումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիան հայտարարել է, որ դատարան է դիմում լիդերի մահվան կեղծ լուրեր տարածողների դեմ: Ֆրակցիան Ժրիրինովսկու մահվան մասին լուրն անվանել է «կեղտոտ սադրանք»:

75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի կապակցությամբ փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է փետրվարի 9-ին: Հիվանդանոցում Ժիրինովսկին մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայի վիճակում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: Այս պահին բուժումը շարունակվում է:

XS
SM
MD
LG