Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին Ալիևից պահանջելու է խստորեն պատժել իրեն և ռուս ժողովրդին «խոզեր» անվանած ադրբեջանցի դիվանագետին


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոլովյով Live» հաղորդման եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի սկանդալային հայտարարությունը:

Ժիրինովսկին հայտարարել է, որ այս հայտարարություններն անպատիժ չի թողնի։ - «Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Դա միջնադար է»։

Վլադիմիր Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին:

Ավելի վաղ արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Վահաբզադեն, դիմելով Վլադիմիր Ժիրինովսկուն, նրան և ռուս ժողովրդին խոզ է անվանել և մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Ադրբեջանցի դիվանագետն իր ուղերձում, մասնավորապես, ասել է. - «Դու խոզ ես, քեզանից խոզի գարշահոտ է գալիս, գիտեմ ինչով են զբաղվում ռուս խոզերը, հիմարությամբ են զբաղվում, գարշահոտ են տարածում։ Ձեր գարշահոտն արդեն տարածվել է ամբողջ աշխարհում... Մենք ձեզ ամեն ամիս խավիար, գումար ենք ուղարկում...»

Ադրբեջանցի դիվանագետը այս ձևով պատասխանել է Ժիրինովսկուն, ով ավելի վաղ ասել էր, թե Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին Իրանի շահը նվիրել էր Ռուսաստանյան կայսրությանը:

Բացի նշված ուղերձից, դիվանագետը ռուսներին խիստ քննադատող և վիրավորող այլ տեսագրութուններ ևս ունի։ Վլադիմիր Սոլովյովը նկատում է, օրինակ, որ այս տեսագրություններում ադրբեջանցի դիվանագետը իրեն ոչ թե ադրբեջանցի է համարում, այլ թուրք... Ընդհանրապես հետպատերազմյան շրջանում ադրբեջանական մամուլը ողողված է ռուսների նկատմամբ կոշտ արտահայտություններով, կոշտ քննադատությամբ, սակայն պաշտոնական Մոսկվան ու Բաքուն շարունակում են խոսել ռազմավարական գործընկերության մասին։

Ավելին, ադրբեջանական լոբբին Ռուսաստանում վերջին մի քանի տարիներին աննախադեպ ակտիվ է։ Օրինակ, Մոսկվայի մարզի կառավարությունը տեղակայված է ադրբեջանցի օլիգարխ, Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովի «Կրոկուս սիթի»-ից մի քանի տասնյակ մետր հեռավարության վրա, ինչը դժվար թե զուգադիպություն լինի։ Իսկ եթե զուգադիպություն է, ապա՝ շատ խոսուն։

Իսկ երեկ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը երկրամասի հաջողություններից խոսելիս, ասել էր, թե վերջին տարիներին իրենց տնտեսության մեջ հատկապես ադրբեջանցի բիզնեսմեններն են մեծ ներդրումներ անում։

Մի կողմից ադրբեջանական մամուլը կոշտ քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, տարբեր փորձագետներ գրում են, որ ռուսներն այլևս իրենց պետք չեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական լոբբին Ադրբեջանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG