ՊԲ-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը, դրանից հրաժարվելու, նման ճակատագրական սխալ անելու ծրագրեր չունեն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն՝ արձագանքելով զորքերը Ղարաբաղից դուրս բերելու Ադրբեջանից հնչող պահանջները։
ՊՆ-ն Արցախի 11 նախարարություններից մեկն է։ ՊԲ-ի հրամանատարը հենց ռազմական գերատեսչության ղեկավարն է։
«Մինչև հստակ երաշխիքներ չլինեն մեր Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության, մենք բոլոր տեսակի զինված ստաբաժանումները կպահպանենք», - ասաց Բաղունցը:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան է Հայաստանին խորհուրդ տվել ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ «տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը՝ նպաստելու համար տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»։
Այս պահանջն առավել կոնկրետ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահն էր ձևակերպել, երբ գնացել էր Մոսկվա՝ Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրելու։ Պուտինի հետ համատեղ հանդիպմանը Ալիևն ասել էր, թե ակնկալում են Ղարաբաղի տարածքից բոլոր հայկական զորքերի դուրս բերում՝ հղում անելով 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը։
Երեկ էլ Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանի ՊՆ Գլխավոր շտաբի պետը ռուսական բանակի խաղաղապահ գործունեությունը համակարգող Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր փոխհրամանատարի հետ քննարկել է «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման գործընթացը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն»։
Եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշված է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, առանց կոնկրետության։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել։ Ռուս խաղաղապահների միջոցով ներկայացվե՞լ է պահանջ՝ հրաժարվելու ՊԲ-ից, Արցախի ԱԺ-ի փոխնախագահն ասաց՝ նման պահանջ չի եղել։ Բաքվից հնչող հայտարարությունները որակեց հերթական ադրբեջանական ոտնձգություն, որով ուզում են ընդգծել, որ ԼՂ-ի հարցը լուծված է.
«Մենք ապօրինի հայկական ստորաբաժանումներ զինված չունենք Արցախի Հանրապետության տարածքում: Պաշտպանության բանակը Արցախի Պաշտպանության բանակն է, որի մaսին ոչ մեկը ոչ մի հայտարարություն չի արել ու չի էլ կարա անի», - ընդգծեց Գագիկ Բաղունցը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատերազմից հետո հայտարարում էր, թե առաջիկայում Պաշտպանության բանակի ենթակայության ներքո նաև սահմանապահ զորքեր են ստեղծվելու։ Արդյոք ընթացքի մե՞ջ է, Ղարաբաղից այս հարցը չեն ցանկանում մեկնաբանել։
Այս հայտարարությունների համատեքստում ի՞նչ են սպասում Երևանից, որ հարցը բարձրացվի՞. «Ես սպասում եմ միայն այնպիսի գործընթացների, զարգացումների, որոնք առնվազն չեն նվազեցնի Արցախի ժողովրդի անվտանգության մակարդակը»:
Իշխանական պատգամավորի խոսքով՝ մտահոգված են Արցախի ժողովրդի անվտանգության հարցով
Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ մտահոգված են Արցախի ժողովրդի անվտանգության հարցով, բանակի բացակայությունն, ըստ նրա, կարող է ստեղծել խուճապային տրամադրություններ, մեծացնել Ադրբեջանի հնարավորությունները՝ ճնշումներ գործադրել։ Ուրեմն Հայաստանը որպես միակ բանակցող՝ կբարձրացնի՞ հարցը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագրում է գրված՝ «Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:
«Բոլոր հարցերը բարձրացվում են պատկան հարթակներում, և մենք գիտակցում ենք, որ անմիջական բանակցությունների միջոցով պիտի լուծվի այս խնդիրը Ադրբեջանի հետ՝ իհարկե ստանալով միջազգային համապատասխան կառույցների աջակցությունը: Այդ առումով Հայաստանն իր գործողություններով պետք է լինի շատ շրջահայաց, շատ զգուշավոր, փորձենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, որովհետև ուժային լուծումներն այստեղ հեռանկար չեն մեզ համար, ես նկատեմ՝ մեր կողմից ուժային լուծումները», - ասաց Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցությունից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը իշխանության քայլերը բնորոշում է անատամ այն դեպքում, երբ Ադրբեջանն ուզում է առավելագույնը քամել պատերազմից։ Ադրբեջանը հետևողականորեն Արցախը հայաթափելու օրակարգն է առաջ տանում, Հայաստանի իշխանությունը չի արձանագրում, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է, ասաց Ռուստամյանը։
«Եթե մենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու կարգավիճակը չկարողացանք արձանագրել, մենք կորցնելու ենք Արցախը: Օրինակ, մասնավորապես, այնպես, ինչպես Թուրքիան արձանագրել է Կիպրոսի հարցում իր երաշխավորը լինելու կարգավիճակը, մենք այս ամենը կորցրել ենք: Եվ սա է, որ այսօրվա իշխանությունները կա՛մ չեն հասկանում, կա՛մ հանցավոր անգործություն են հանդես բերում», - ընդգծեց նա:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի հայտարարություններին այսօր հնարավոր չեղավ արձագանք ստանալ մամուլի ծառայության ղեկավարը հեռախոսազանգերն անպատասխան թողեց: