Մինչ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ պատերազմը, մի շարք փորձագետներ ահազանգում են, որ ռուսական զինուժին շուտով կարող են միանալ Ռուսաստանի հետ կապ ունեցող ու Աֆրիկայում տեղակայված վարձկանները։
Տարիներ շարունակ Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները գործունեություն են ծավալում աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիբիայում, Մոզամբիկում, Սուդանում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում։ Ըստ որոշ փորձագետների, այժմ Պուտինը, երբ հավելյալ զինուժի կարիք ունի, այդ վարձկանները կարող են տեղակայվել Ուկրաինայում։
Նիգերիացի լրագրող Ֆիլիպ Օբաջիի հետաքննության համաձայն, մոտ 500 վարձկաններ արդեն լքել են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ մասնակցելու Ուկրաինայում ընթացող պատերազմին։
«Հիմա այդ վարձկաններին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից Ուկրաինա տեղափոխելով՝ Պուտինը մտածում է, որ նրանք բավականաչափ փորձ են ձեռք բերել Աֆրիկայում և այժմ ավելի օգտակար կարող են լինել Ուկրաինայում», - կարծում է Օբաջին։
CNN-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային, նույնպես հաղորդում է, որ Ռուսատանը նախատեսում է մոտ 1000 վարձկաններ տեղակայել Ուկրաինայում։ Անանուն պաշտոնյան CNN-ին փոխանցել է, որ Ուկրաինայում գտնվող ռուս վարձկաններից 200 արդեն զոհվել են մարտերում՝ մարտունակ չլինելու պատճառով։
Այդուհանդերձ լրագրող Ֆիլիպ Օբաջին կարծում է, որ Աֆրիկայից ժամանած վարձկանները բավականին մեծ փորձ ունեն։ «Այս մարդիկ միշտ գործի մեջ են։ Հաշվի առեք, որ նրանցից շատերը, որ սկզբում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն են բերվել Լիբիայից ու Սիրիայից, զինյալներ են, որոնք ներգրավված են եղել տարբեր մարտերում ու պատերազմներում», - ասում է Օբաջին:
Իրավապաշտպանների զեկույցները վկայում են, որ ռուսական «Վագներ» խմբի վարձկանները Աֆրիկայում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թույլ տվել, դրանց թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, բռնաբարություններ և մահապատիժներ։
Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի փորձագետ Ջեք Մարգոլին կարծում է, որ այդ զինյալները կօգտագործվեն այնպիսի գործողություններում, որոնցում ռուսական զինուժը պաշտոնապես ներգրավված չի լինի։
«Վագներ» խումբը որպես գործիք արտաքին միջամտության հիանալի և էժան լուծում է։ Այն, ինչ Ռուսաստանը հիմա անում է Ուկրաինայում, այլ բան է․ ներխուժման արդյունքում իրականացվող գործողությունները թանկ են նստում Կրեմլի վրա և արդյունավետ չեն։ Այդ տեսանկյունից «Վագների» վարձկանները փորձառու և վստահելի ուժ են, որի կարիքը հիմա Ուկրաինայում Ռուսաստանն ունի։ Նրանք հիմնականում կգործեն ռուսամետ տեղական ուժերի հետ միասին՝ կողք-կողքի, ինչ-որ առումով կբարձրացնեն նրանց մարտունակությունը, հրամանատարության և վերահսկման լրացուցիչ լծակ կհանդիսանան՝ չունենալով որևէ հաշվետվողականություն», - կարծում է Ջեք Մարգոլին։