Մատչելիության հղումներ

Չեն եղել ու չկան բավարար թվով ՀՀ վերադառնալ ցանկացողների կուտակումներ. ԱԳՆ-ն` թռիչք չկազմակերպելու մասին


«Չեն եղել ու չկան բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը»,- հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը:

«Ազատությունը» հետաքրքրվել էր, թե արդյոք պետությունը պատրաստվո՞ւմ է պատերազմի հետևանքով Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած ՀՀ քաղաքացիների համար օդանավ տրամադրել՝ հայրենիք վերադառնալու համար։ Գրավոր հարցման պատասխանում գերատեսչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիները Ուկրաինայի տարածքը լքում են 5 տարբեր երկրների ցամաքային անցակետերով (Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի), տարբեր օրերի և տարբեր թվաքանակով, և որ «նշված երկրներից որևէ մեկում չեն եղել բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացողներ»։

Իսկ թե քանիսն են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնել, գերատեսչությունը չի պատասխանել։ Հստակ թիվ չկա նաև, թե Ուկրաինայում ապրող քանի ՀՀ քաղաքացի ու ծագումով հայեր են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հեռացել Ուկրաինայից։

Գերատեսչությունից այս հարցին ի պատասխան նշել են. «Հաշվի առնելով այն, որ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, ինչով էլ պայմանավորված նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը, հատկապես, երբ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են դիմում ՀՀ դեսպանություններ ու հյուպատոսական կետեր՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին, որ փորձում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով օգնել, և որ Հայաստան գալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցող ընտանիքներից դիմումներ են ստանում։ Բայց թե քանիսն են այդ ընտանիքները, առայժմ ամփոփ տվյալներ չկան:

XS
SM
MD
LG