Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռմբահարում է Ուկրաինայի բնակավայրերը, էստրադայի աստղերը հայրենասիրական երգեր են կատարում


Ուկրաինացի զինվորները և մայրաքաղաքի արվարձանի ռմբահարումը, Կիև, 17 մարտի, 2022թ.
Ուկրաինացի զինվորները և մայրաքաղաքի արվարձանի ռմբահարումը, Կիև, 17 մարտի, 2022թ.

Պատերազմի 23-րդ օրվան հատուկ են միջազգային ակտիվ շփումներ

Վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլերի հետ: Ըստ Բեռլինի, Օլաֆ Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել «հնարավորինս արագ դադարեցնել կրակը, մեղմել հումանիտար կացությունը և բանակցել պատերազմն ավարտելու համար»:

Կրեմլի փոխանցմամբ էլ` Պուտինը Շոլցին ասել է, թե «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամեն կերպ ձգձգում է բանակցությունները»:

Երեկոյան նախատեսված է Կրեմլի ղեկավարի զրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Բացի այդ, Պուտինի նախագահությամբ գումարվել է Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ներկայիս միջազգային իրավիճակը:

Այսօր Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը ու Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են պատերազմի թեման:

Բայդենը մտադիր էր Չինաստանի ղեկավարին նախազգուշացնել Ուկրաինայի հարցում Ռուսաստանին սատարելու համար հնարավոր ծանր հետևանքների մասին:

Սի Ծինպինն ասել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը՝ որպես երկու գերտերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի կայունության համար: Նա ընդգծել է, որ պատերազմը հակասում է բոլոր երկրների շահերին:

Պուտինին ծափերով ընդունում են «Լուժնիկիում», աստղերը` երգում «Առա՛ջ, Ռուսաստան»

Դե իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում տոնական միջոցառումներ են՝ Ղրիմի «վերամիավորման» օրվա առթիվ «Լուժնիկի» մարզադաշտում տասնյակ հազարավոր մարդիկ ծափահարություններով դիմավորել են Պուտինին:

Ռուսաստանի նախագահը խոսել է Ուկրաինայի «հատուկ օպերացիային» մասնակցող զինվորականների «անձնազոհության մասին»:

Տեղի է ունեցել համերգ, Ռուսաստանի այսօրվա աստղերը կատարել են հայրենասիրական երգեր, որոնցից մեկի անունն է «Առա՛ջ, Ռուսաստան» («Россия вперед»):

«Ռուսները չգիտեին, թե նրանց ինչ է սպասում այստեղ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրին օգնելու համար շնորհակալություն է հայտնել Բայդենին:

Անկարկելով, որ խոսքը ռազմական օգնության մասին է, նա ասել է, որ հասկանալի պատճառներով չի կարող մանրամասնել, բայց ավելացրել է, որ դա շատ արդյունավետ օգնություն է:

«Ռուսները չգիտեին, թե ինչ է նրանց այստեղ սպասում, ինչեր մենք ունենք պաշտպանվելու համար: Զավթիչները կարծում էին, թե գալիս է Ուկրաինա, որը տեսել են 2014-15 թվականներին, նրանց իսկ կողմից կաշառված պետություն, որից պետք չէ վախենալ, բայց մենք ուրիշ ենք, մենք փոխվել ենք»,- ասել է Զելենսկին:

Նա խոսել է նաև ռուս գերիների մասին, ասելով, թե նրանցից ոմանք չեն էլ ուզում վերադառնալ Ռուսաստան:

«Կան շատերը, որոնց մասին Ռուսաստանը չի էլ նշում ու չի էլ ցանկանում նրանց վերադարձնել: Զինվորների մահվան լուրը ռուսները հայտնում են ընտանիքներին այն դեպքում, երբ նրանք ողջ են, այստեղ են՝ գերության մեջ»,- ասել է Զելենսկին:

«Մեզ սպառնում են նոր սանկցիաներով, մենք արդեն սովոր ենք դրան»

Արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների ցանկում է նաև Կրեմլի պրոպագանդան՝ Պուտինին գովաբանող հեռուստաաստղերն ու մամուլը, մասնավորապես, «Russia Today» մեդիաընկերությունը, որն արտասահմանում եթերազրկվել է:

Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա անվանել է «Ամերիկայում և Եվրոպայում առկա հակառուսաստանյան խենթություն»:

Նա պնդել է, որ «Russia Today»-ը կշարունակի իր տեսակետը հասցնել բոլոր նրանց, «ովքեր ուզում են այն լսել»:

Եվ հենց այդ հեռուստակայանին այսօր տված հարցազրույցում արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, թե համոզված է, որ սանկցիաները կշարունակվեն:

«Նրանք մեզ սպառնում են պատժամիջոցների 5-րդ ալիքով, գուցե դրան կհաջորդի ևս մեկը, մենք արդեն սովորել ենք դրան»,- ասել է Լավրովը և ցիտել է Պուտինին, ով ասել է, թե Ռուսաստանը սանկցիաների հարցում աշխարհի բացարձակ չեմպիոն է, ցանկում կա ավելի քան 5 հազար անուն: Դա Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների կրկնապատիկն է:

Լավրովի պնդմամբ, սանկցիաները միայն հզորացնում են երկիրը: Նրա խոսքով, Ռուսաստանը պատմական դաս է քաղել, արևմտյան գործընկերների վրա հույս դնելու պատրանքը հոդս է ցնդել:

«Մենք պետք է ապավինենք միայն սեփական ուժերին և հույս կապենք այն դաշնակիցների հետ, որոնք մեզ հետ կմնան: Սա է աշխարհաքաղաքական ասպարեզում մեր կարևորագույն եզրակացությունը, որին հանգել ենք»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովն այս հարցազրույցում նաև պարզաբանել է, թե ինչ նկատի ունի Մոսկվան, ասելով, որ այս «հատուկ օպերացիայի» նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացումն է:

«Դա նշանակում է չեղարկել բոլոր օրենքները, որոնք խրախուսում են նացիստական գաղափարախոսությունը և գործելակերպը և խտրականություն են ենթադրում ռուսալեզու բնակչության նկատմամբ: Ռուսներին, ռուսախոսներին ահավոր ճնշել են Ուկրաինայում»,- ասել է Լավրովը:

Առաջիկայում Արևմուտքի լիդերները նորից կանդրադառնան Ուկրաինային

Իսկ միջազգային ասպարեզում Ուկրաինայի վերաբերյալ կա մի նոր տեղաշարժ՝ Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա զրույցից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպել Բրյուսելում, որտեղ նախատեսված են ՆԱՏՕ-ի և Եվրամիության գագաթնաժողովները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ մարտի 24-ին դաշինքի ղեկավարները պետք է համաձայնեցնեն միասնական մոտեցումն Ուկրաինային սատարելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցերում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG