Մատչելիության հղումներ

Մարտի 22-ից "Аэрофлот"-ը վերականգնում է Մոսկվա-Երևան ամենօրյա կանոնավոր թռիչքները Superjet-100 օդանավերով


Մարտի 22-ից "Аэрофлот"-ը վերականգնելու է Մոսկվա-Երևան ամենօրյա կանոնավոր թռիչքները, որոնք իրականացվելու են ռուսական արտադրության Superjet-100 օդանավերով։

Ինչո՞ւ է թռիչքները կատարվելու ռուսական օդանավերով, և ինչո՞ւ մարտի 8-ից "Аэрофлот"-ը Մինսկից բացի դադարեցրել է միջազգային բոլոր թռիչքներ, հիմա ընդամենը մի քանի ուղղություններով են վերականգնվում՝ Բիշքեկ, Օշ, Բաքու և Երևան, և միայն ռուսական օդանավերով։ Բանն այն է, որ Ռուսաստանում շահագործվող օտարերկրյա ընկերություններից վարձակալված Airbus, Boeing և այլ տեսակի օդանավերը դրսում կարող են կալանքի վերցվել՝ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների պատճառով։

Superjet-100, արխիվ
Superjet-100, արխիվ

Պատժամիջոցների ամենածանր հարվածներից մեկը կրում է ռուսական ավիացիան՝ քաղաքացիական ավիացիան։ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի պարկի ավելի քան կեսը դրսում գրանցված, վարձակալված օդանավեր են։ Ըստ Bloomberg կայքի, 523 օդանավ ռուսական ընկերությունները լիզինգով վարձակալել են դրսից։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության պաշտոնական տվյալներով՝ ռուսական ավիաընկերությունները շահագործում են 1367 օդանավ, որոնցից 739-ը գրանցված են օտարերկրյա ռեեստրներում։ Նրանցից է կախված օդանավի պիտանելիության մասին տրվող փաստաթղթերը, թռիչքի թույլտվությունը, նրանք կարող են հետ կանչել իրենց ռեեստրում գրանցված օդանավերը և, այդ անախորժությունները, վտանգները հաշվի առնելով, Ռոսավիացիան "Аэрофлот"-ին խորհուրդ էր տվել ժամանակավորապես դադարեցնել միջազգային թռիչքները։

Մարտի 12-ին ռուսական քաղաքացիական ավիացիան ուժեղ հարված ստացավ Բերմուդյան կղզիներից։ Թվում է Ատլանտյան օվկիանոսի այդ կղզիների իշխանությունները ոչ մի բանով չեն կարող վնասել մեծ Ռուսաստանին, բայց այնտեղ է գրանցված Ռուսաստան թռչող ավելի քան 700 օդանավ։ Բրիտանիային պատկանող Բերմուդյան կղզիների քաղաքացիական ավիացիայի վարչությունը պարզապես չեղարկեց Ռուսաստանում օգտագործվող օդանավերի թռիչքային պիտանելության հավաստագրերը։ Իսկ դա այն փաստաթուղթն է, որը օդանավին օդ բարձրանալու իրավունք է տալիս։

Միխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին

Մարտի 15-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ, խզվել է Բերմուդյան կղզների հետ միջկառավարական պայմանագիրը՝ այնտեղ գրանցած օդանավերի վերահսկողության վերաբերյալ։

Հիմա Ռուսաստանի իշխանությունները փորձում են դրսում գրանցված օդանավերը վերագրանցել իրենց մոտ։ Օրենք է ընդունվել, որը Միշուստինի որոշումից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց, որը պետք է դյուրացնի դրսից լիզինգով վերցրած օդանավերի վերագրանցումը Ռուսաստանում։ Դրանից հետո օդանավերն արդեն կարող են թռիչք կատարելու թույլտվություն ստանալ ռուսական ավիացիոն իշխանությունների կողմից, քանի որ արդեն գրանցած կլինեն ռուսական ռեեստրում։

Սակայն ստացվելու է օդանավերի երկակի գրանցում, մեկը դրսում, մյուսը՝ Ռուսաստանում։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) օդանավերի երկակի գրանցման օրինականությունը կասկածելի է համարում և պարզաբանումներ ստանալու համար արդեն դիմել է Ռուսաստանի իշխանություններին։

Եվրամիության ընդունած պատժամիջոցների երրորդ փաթեթում ռուսական ավիաընկերություններին վերաբերող դրույթների վերջնաժամկետը լրանում է մարտի 28-ին։ Ռուսաստանի իշխանութունները մինչ այդ պետք է կողմնորշվեն՝ վերդարձնում են լիզինգով վերցրած օդանավերը, թե փորձելու են ինչ-որ կերպ պահել։

XS
SM
MD
LG