Մատչելիության հղումներ

ԵՄ. «Սանկցիաները պետք է հարվածեն Ռուսաստանի տնտեսության հենց սրտին»


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրյուսել, 25 փետրվարի, 2022թ.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրյուսել, 25 փետրվարի, 2022թ.

«Թշնամին մեզ օդից է հարվածում»

«Այսօր առավոտյան մենք մենակ ենք պաշտպանում մեր երկիրը, ինչպես և երեկ՝ մոլորակի ամենահզոր բանակներից մեկը մեզ օդից է դիտում և հարվածում: Երեկվա սանկցիաներն ազդե՞ լ են Ռուսաստանի վրա: Մենք նայում ենք մեր երկինք և երկրի վրա ու տեսնում, որ սանկցիաները բավական չեն», - այսպիսի մռայլ ուղերձով է փետրվարի 25-ին հայրենակիցներին դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Պուտինը և նրա երկիրը ծանրագույն գին կվճարեն»

Մինչդեռ, Արևմուտքի ղեկավարները նշում են, որ սահմանվող և սահմանվելիք պատժամիջոցները ռուսների համար հիրավի քայքայիչ հետևանքներ կունենան, սակայն դրանցից ամենակոշտ որոշումների ցավոտ ազդեցությունը կզգացվի ինչ-որ ժամանակ անց:

Նախօրեին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոսել է նոր վճիռների մասին:

«Պուտինն ագրեսոր է, Պուտինը պատերազմի ճանապարհով գնաց, ու հիմա նա և նրա երկիրը պետք է պատասխանատվություն կրեն: Ես այսօր վավերացնում եմ սանկցիաները, Ռուսաստանի տնտեսությունը ծանրագույն գին կճարի և՛ հենց հիմա, և՛ ապագայում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Պուտինի ռազմական արշավին չափազանց կոշտ են արձագանքում Եվրամիությունը և Միացյալ Նահանգների թիվ մեկ դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան:

«Ռուս օլիգարխները Լոնդոնում թաքնվելու տեղ չեն ունենա»

Վարչապետ Բորիս Ջոնսոնի փոխանցմամբ, հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունում կստեղծվի հատուկ խումբ, որը կթիրախավորի Բրիտանիայում հարստությունները պահող ռուս օլիգարխներին: Նրանք, վարչապետի խոսքով, օր ու արև չեն տեսնի և թաքնվելու տեղ չեն ունենա:

Բայց թիրախը ոչ միայն Ռուսաստանում կասկածելի մեթոդներով միլիարդներ դիզած և դրանք Լոնդոնի բանկերում պահող ու դղյակներ գնող մեծահարուստներն են: Հարված կստանա հենց Ռուսաստանը:

«Մենք կշարունակենք մաս առ մաս, օր առ օր, շաբաթ առ շաբաթ Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից դուրս մղելու անողոք առաքելությունը», - ասել է Բորիս Ջոնսոնը:

Պուտինը ռուս գործարարներին խնդրում է «ըմբռնումով մոտենալ»

Ռուսաստանի լիդերը երեկ պնդել է, թե Արևմուտքի դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվել, ինչն էլ ստիպել է նրան նախաձեռնել ռազմական արշավը:

Նա ընդունել է, որ սանկցիաները կարող են ցավոտ լինել և գործարարներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ այդ ամենին, պետության հետ լինել համերաշխ ու գտնել այն գործիքակազմը, որն այս իրականության մեջ թույլ կտա սատարել արդյունաբերությանը, տնտեսությանը և պաշտպանել աշխատատեղերը:

«Կրեմլը պատասխանատվության կկանչվի»

Այսօր առավոտյան էլ պատժամիջոցները Եվրոպական միության օրակարգում են, դրանք հաստատվել են երեկ Բրյուսելում տեղի ունեցած արտակարգ գագաթնաժողովում:

Եվրամիությունում նշում են, որ այս պատժամիջոցները կհարվածեն ռուսաց տնտեսության հենց սրտին: Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասել է, որ Կրեմլին պետք է պատասխանատվության կանչել:

«Երեկ հավանություն ստացած զանգվածային և թիրախավորված պատժամիջոցների փաթեթն այդ է վկայում, այն առավելագույն ազդեցություն կգործի Ռուսաստանի տնտեսության և վերնախավի վրա»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Պատժամիջոցների թիրախն են ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային սեկտորներն, ինչպես նաև երկակի նշանակության արտադրանքը, արտահանումը և արտահանման ֆինանսավորումը:

Ֆինանսներ, տեխնոլոգիաներ, բիզնես, վիզաներ՝ ամեն ինչ հարվածի տակ

Եվրամիությունը կսահմանափակի Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների և գերարդիական այլ արտադրանքի շուկա: Հատկապես ծանր հարված է նավթի վերամշակման տեխնոլոգիաներից ռուսներին զրկելու որոշումը:

«Դրանք բացառիկ սարքավորումներ են, քանի որ միայն մեզ մոտ են արտադրվում և այլ տեղերից չեն կարող մատակարարվել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարողանա արդիականացնել նավթավերամշակման գործարանները, որոնց արտադրանքը միայն 2019-ին Դաշնության համար 24 միլիարդ եվրոյի եկամուտ է ապահովել:

Սանկցիաներից մեկով ռուսաստանցի դիվանագետներն ու գործարարները կզրկվեն Եվրամիության տարածք արտոնյալ պայմաններով մուտք գործելու հնարավորությունից:

Ռուսական ավիացիան առանցքային թիրախներից է

Կարգելվեն բոլոր տեսակի օդանավերի, ինչպես նաև ավիացիոն սարքավորումների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանումը, վաճառքը, մատակարարումը, փոխանցումը, սպասարկման և վերանորոգման ծառայությունները:

Մինչդեռ օրակարգում է սանկցիաների երրորդ փաթեթը

Ի դեպ, դա պատժամիջոցների երկրորդ փաթեթն է, որն ընդունելուն պես Եվրամիությունն անմիջապես կսկսի աշխատանքը երրորդի վրա:

Այդ մյուս փաթեթում, որի ընդունումը կախված կլինի Ռուսաստանի կեցվածքից, կարող է ներառվել նաև SWIFT միջազգային վճարային համակարգից Ռուսաստանն անջատելու հնարավորությունը և նույնիսկ սանկցիաներ անձամբ Պուտինի նկատմամբ:

Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր արտահերթ ժողով են գումարել:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ անձնական սանկցիաների կողմնակից է և հույս է հայտնել, որ «Եվրոպական խորհուրդը հավանություն կտա այդ առաջարկին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG