Մատչելիության հղումներ

Չմոռանաք, որ Երևանի քթի տակ 85 մարդ անգործ է մնում. թռչնաֆաբրիկայի աշխատակիցները՝ կառավարությանը


Շուկայում հավի ձուն հիմա վաճառվում է նվազագույնը 20 դրամով, մինչդեռ վերջին շաբաթներին գինը 70 դրամի էր հասնում, երբեմն՝ ավելին։ Գնի վայրիվերումները ոչ միայն սպառողներին են անակնկալի բերում, այլև՝ արտադրողներին։

85 աշխատակից ունեցող «Լուսակերտի» սեփականատերերն ասում են՝ չեն դիմանում այս տատանումներին, եթե այսօրվա գնով վաճառեն, չեն կարողանա աշխատավարձը տալ ու բիզնեսը պահել, ստիպված կլինեն փակել այն։ Օրերս 8000 հավ են նվիրել, այսօր էլ 1 հավը 500 դրամով էին վաճառում, շահավետ առաջարկի հետևից հարակից համայնքներից շատերն էին եկել Նոր Գեղիում գտնվող ֆաբրիկա:

«Խանութներում կիլոն մինչև 1000 դրամից ավելի գալիս է, իսկ այս հավերը կիլոյից ավելի են` 500 դրամ հատը», - ասում է նրանցից մեկը:

«Լուսակերտ» ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկայի համասեփականատեր Սոնա Մանուկյանը «Ազատության» նկարահանման պահին տեղում չէր, ասաց ֆինանսական հարցերով է զբաղվում, կառավարությոնից հստակ աջակցություն են խնդրում։ Ընդգծեց՝ ձվի շուկայում նախորդ տարվա գնային ցնցումներին մի կերպ են դիմացել ու արտադրանքը ինքնարժեքից ցածր գնով վաճառել։ Երկրորդ ալիքը, սակայն, ի վիճակի չեն հաղթահարել. «Չունենալով բավարար ռեսուրսներ` այլևս հնարավորություն չունի դիմագրավելու շուկայի նոր մարտահրավերներին, ինքնարժեքից ցածր վաճառելն է, որի պատճառներից մեկը հանդիսանում է կերի թանկացումը: Մենք կառավարությունից ակնկալում ենք ավելի ինստիտուցիոնալ աջակցություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծվի հանձնաժողով, որը բաղկացած կլինի թե փորձագետներից, թե պետական մարմնի ներկայացուցիչներից, թե ոլորտի խոշոր, նաև փոքր և միջին արտադրողներից, որպեսզի ի վերջո կարողանանք բոլորս միասին լուծումներ գտնել` շուկային իր հետագա ցնցումներից խուսափելու համար»:

Հայաստանում շուրջ 30 ձու արտադրող ընկերություն կա, մոտավորապես 7-ը՝ խոշոր։ Նախորդ տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայի 3 խոշոր խաղացողներին տուգանել էր ձվի գինը չհիմնավորված բարձրացնելու համար։ Հանձնաժողովից ասացին՝ այս անգամ չեն կարող տուգանել, որովհետև մեկ փոքր ընկերություն է իր արտադրանքը էժան վաճառել, իսկ հանձնաժողովն, ըստ օրենքի, կարող է տուգանել միայն շուկայում գերիշխող դիրք ունեցողներին։

Կառավարության նիստում ևս վարչապետն այս հարցը բարձրացրեց: Պատասխանեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Մանուկյանը. «Գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սունյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայաձև ռեակցիա է տվել, այսինքն` այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջով այլ տեղերում ևս գինը սկսել է իջնել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել»:

Եթե, ըստ պաշտոնական բացատրության, փոքր ընկերությունը չի կարող կայացած շուկայում իր արտադրանքի արժեքն իջեցնելով շուկայում գնի ցնցում առաջացնել, ապա ինչո՞վ է պայմանավորված գնի այս հսկայական տարբերությունը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ասացին՝ խնդրով զբաղվում են, լրացուցիչ տեղեկություններն՝ առաջիկայում։

Մինչ այդ «Լուսակերտի» աշխատակցիներն անհանգստացած են՝ որտե՞ղ կաշխատեն, ինչպե՞ս կապրեն. «Էս տարիքին գնանք, մենք որտե՞ղ աշխատենք»:

«Էս ֆաբրիկայից սնվում է մի 300 հոգի, 27 դրամ հենց հիմա կա ձու: Ես կարող եմ տանել, տեսնեք, որ ասում են` տենց բան չկա, կոնկրետ ես տեսել եմ 25 դրամով ձու: Եթե ժողովուրդը մտածում է` իրենք սաղ մի 5 տարի էլ 20 դրամով ձու են առնում, չարաչար սխալվում են: Ինչ-որ բան սարքում են, որ էս մանր, միջին ձեռներեցները փակվեն, ձուն հետո դառնալու է 70-80 դրամ», - ասում է մյուսը:

Աշխատակիցներն այս օրերին հետաքրքրվել են ու գիտեն, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է օգնի նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, աջակցության ծրագրեր տրամադրի: Սպասում են, ասում են՝ չմոռանաք, որ Երևանի քթի տակ 85 մարդ աշխատանք է կորցնում. «Պարոն վարչապետ, մենք բոլորս քեզ հետ միասին հրապարակում ապագա էինք կանչում: Խնդրում ենք` Դուք էլ կանգնեք մեր կողքին մեր ապագայի համար»:

XS
SM
MD
LG