Տնտեսվարողներն արտադրական ծավալները մեծացրել են և այսօրվանից մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, ձվի գինը կիջնի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ վստահեցնելով Զատիկից առաջ փոփոխություն տեղի կունենա։
Նա նշեց, որ վաղը՝ մարտի 30-ին վարույթ կհարուցեն շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար․ - «Արդյո՞ք դիֆիցիտը արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպություններն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյո՞ք կա հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյո՞ք գնային բարձրացումները օբյեկտիվ են»։
Գևորգյանն ընդգծեց՝ եթե պարզվի, որ թանկացումն օբյեկտիվ պատճառներ ունի, ապա ձվի գինը չի նվազի։
«Եթե կերի համաշխարհային գները թանկանան, Հայաստանում, բանականաբար, ինչպես ամբողջ աշխարհում, ձվի գինը կթանկանա», ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
Նշենք, որ քաղաքացիներն ահազանգում են Զատիկից առաջ ձվի դեֆիցիտի ու թանկացման մասին։