Մատչելիության հղումներ

Արցախում դեռ գրեթե 16 հազար հոգի կացարանի կարիք ունի


44-օրյա պատերազմի հետևանքով Թաղասեռում տունը կորցրած Լուսինե Հայրիյանը ավելի քան մեկ տարի է` ամուսնու ու հինգ երեխաների հետ Ստեփանակերտի հանրակացարանի նեղլիկ սենյակում է ապրում։ Նոր տուն գնել չեն կարողանում, պետական ծրագրի գումարը չի բավականացնում։

Կառավարությունը տեղահանված մարդկանց գյուղական համայնքներում տան համար տրամադրում է մինչև 10, քաղաքներում՝ մինչ 15 միլիոն դրամ, բայց Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում տներն ավելի թանկ են, եղածներն էլ արդեն գնել են. «Հանրակացարանում ենք, դեռ ոչ մեկը չի էլ եկել, տան մասին էլ խոսակցություն չի եղել, շատ եմ ուզում, բայց դե չեն առնում, չգիտեմ», - ասում է նա:

Ընտանիքն անցած տարի կառավարությունից ֆինանսական աջակցություն ստացել է, հիմա էլ տարբեր անհատներ են օգնում, ամուսինը պայմանագրային զինծառայող է, բայց միևնույն է՝ գումարը բազմազավակ ընտանիքին չի հերիքում:

Պատերազմից ավելի քան մեկ տարի անց Արցախում դեռ գրեթե 16 հազար մարդ կացարանի կարիք ունի, ավելի քան 20 հազարն էլ դեռ Հայաստանի տարբեր համայնքներում են ապրում։ Պետնախարար Արտակ Բեգլարյանն ասում է՝ ծանր վիճակում հայտնված մարդկանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելը կառավարության առաջնահերթություններից է։

«Տարեվերջին մենք տրամադրել ենք 108 բնակարան, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ: Ինչպես նշեցի, ազատ բնակֆոնդից անցած տարի մենք պատրաստել ենք 467 բնակարան և հիմնական մասն արդեն տրամադրել ենք ժամանակավոր կամ վերջնական տեղահանվածներին: Այս պահին 2862 բնակարան կառուցման փուլում է գտնվում: Կարծում եմ` նախագահի կողմից հայտարարված եռամյա ժամկետում արդեն գրեթե բոլորը բնակարան ստանալու են Արցախում», - տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

Սոցիալական խնդիրները մեղմելու համար Արցախի կառավարությունն այս տարի նախատեսում է շուրջ 53 միլիարդ դրամ կամ ավելի քան 110 միլիոն դոլար ծախսել՝ ընդհանուր բյուջեի շուրջ մեկ քառորդը։ Արցախի պետնախարարն այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ներկայացրեց կատարված աշխատանքը:

Հունվարի 1-ից միջինում 20 տոկոսով կենսաթոշակն ու նպաստն են բարձրացել։ Նվազագույն կենսաթոշակը նախկին 26 հազար 500 դրամի փոխարեն 34 հազար 300 է դարձել: Տարեսկզբից անվճար է բուժօգնությունը:

«Վճարովի որևէ ծառայություն չկա, եթե բժշկական ցուցում կա, այսինքն` կան այնպիսի ծառայություններ, որոնք բժշկական ցուցումով չեն, քաղաքացու կամ պացիենտի ցանկությամբ են, այդ դեպքում վճարովի կարող է լինել, իսկ բժշկական ցուցումով ամբողջությամբ անվճար է», - նշեց պետնախարարը:

Բեգլարյանը, որը նախքան պատերազմը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր, առաջնային խնդիր է համարում նաև արցախցիների զբաղվածության հարցը։ Աշխատանք չունեն հիմնականում կանայք. «Ամենաէական խնդիրը կանանց զբաղվածության հարցն է, քանի որ տղամարդկանց համար այս պահին մեծ պահանջարկ կա շինարարության ոլորտում, ուժային մարմիններում, այդ թվում` առաջնագծի պաշտպանության գործում պահանջարկը կա, որ կարող են զբաղված լինել և ոչ ցածր աշխատավարձով, իսկ կանանց զբաղվածության մասով տեքստիլում այս պահին մենք ունենք պահանջարկ միանշանակ, որը դեռևս չի բավարարվում ինչ-ինչ պատճառներով, բայց նաև կարծես թե աշխատավարձի ոչ շատ բարձր լինելու, նույնիսկ ասեմ ցածր լինելու պատճառով»:

Բնակարանի, աշխատանքի ապահովման կողքին արցախցի պաշտոնյան ամենամեծ սոցիալական խնդիրներից մեկն էլ համարում է ռազմական գործողությունների հետևանքով տուժածների հոգեբանական վերականգնումը. պատերազմի վերքերը դեռ թարմ են, հազարավոր մարդիկ սովորական կյանք վերադառնալ չեն կարողանում։ Պետնախարարը խոստովանում է՝ ինստիտուցիոնալ լուծումներ դեռ չեն կարողացել գտնել՝ պաշտոնյաները այս հարցում թերացել են։ Արցախում կա նաև պրոֆեսիոնալ սոցաշխատողների, հոգեբանների լուրջ պակաս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG