Երեք պետություններ ձեռնպահ են մնացել
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան երեկ երեկոյան արգելանք է սահմանել Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որով պետք է դատապարտվեր Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում:
Միացյալ Նահանգների և Ալբանիայի կողմից ներկայացված նախագծի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը, Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել:
Քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներից մեկն է, բանաձևը չի ընդունվել:
Այդ իրավունքն ունեն նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը:
Դեռ քվեարկությունից առաջ հայտնի էր, այս բանաձևը չի ընդունվի: Նեբենզյան շնորհակալություն է հայտնել «այն երկրներին, որոնք չեն սատարել հակառուսական բանաձևը»:
«Անվտանգության խորհրդի մի անդամ տապալել է աշխարհակարգը»
«Ձեր վետոն չի լռեցնի մեր ձայնը, մենք միավորվել ենք և պաշտպանում ենք Ուկրաինան և այդ երկրի ժողովրդին, չնայած այն բանին, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամ մի անպատասխանատու երկիր դիմել է անխոհեմ գործողության, հարձակվել է հարևանի վրա, դրանով տապալել է ՄԱԿ-ի ու ամբողջ աշխարհակարգի հիմքերը», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ Ռուսաստանն օգտվեց վետոյի իրավունքից և փորձում է արդարացնել «կանխամտածված անխիղճ պատերազմն Ուկրաինայում»:
«Թույլ տվեք մի բան հստակեցնել. դուք չեք կարող վետո դնել ճշմարտության վրա, մեր սկզբունքների վրա, Ուկրաինայի ժողովրդի և ՄԱԿ-ի Կանոնադրության վրա: Վետո չեք դնի պատասխանատվության վրա։ Դժվար է պատկերացնել, թե ինչ զգացողություն պետք է ապրեն մարդիկ, տեսնելով իրենց քաղաք մտնող տանկերը, փողոցների վրա ընկնող ռումբերը, թաղամասերի, այգիների ու բակերի վրա գրոհող զինվորներին: Բայց Ուկրաինայի ժողովուրդը պաշտպանում է իր երեխաներին, իր երկիրն, այն ամենն, ինչ թանկ է համարում», - ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Նա իր խոսքում նաև գովեստով է խոսել Ռուսաստանում պատերազմի դեմ բողոք հայտնած հազարավոր մարդկանց քաջության մասին, ասելով, որ նրանք անտեսել են սպառնալիքները ռեժիմի կողմից և համարձակվել են դատապարտել Պուտինի նախաձեռնած պատերազմը:
«Այդ դո՞ւք պետք է մեզ բարոյականության դասեր տաք»
Արձագանքելով Միացյալ Նահանգների ներկայացուցչին, Նեբենզյան ասել է, որ այսօրվա ողբերգության համար մեղավոր են Արևմուտքը և Ուկրաինայում ութ տարի առաջ հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերը:
«Դուք՝ բացարձակ չմտահոգվելով Ուկրաինայի ժողովրդի մասին, ձեր աշխարհաքաղաքական խաղերում Ուկրաինան դարձրել եք խաղազինվոր: Ձեր այսօրվա բանաձևը ոչ այլ ինչ է, եթե ոչ ևս մեկ քայլ այս դաժան և Ուկրաինայի համար հակամարդկային շախմատային պարտիայում», - ասել է Նեբենզյան:
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նաև ուղիղ Վաշինգտոնին է հասցեագրել իր քննադատությունը, նշելով, որ այդ երկիրը բազմաթիվ պատերազմներ է վարել:
«Ես ձեռնպահ կմնամ թվարկել այն ագրեսիաները, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականացրել է իր պատմության ընթացքում։ Այդ դո՞ւք պետք է մեզ բարոյականության դասեր տաք», - հռետորական հարց է տվել Վասիլի Նեբենզյան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հատուկ ուղերձով հանդես է եկել Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը: Նրա խոսքով՝ Պեկինը խիստ մտահոգված է Ուկրաինայի խնդրով:
Նա կողմերին կոչ է արել դրսևորել առավելագույն զսպվածություն և բանակցություններով լուծել վեճերը: Նա նշել է, որ Ուկրաինայի խնդիրը ոչ թե այսօր է ծագել, այլ մի շարք գործոնների հետևանք է:
«Ուկրաինան պետք է լինի Արևմուտքի և Արևելքի կամուրջ, այլ ոչ թե ճակատային գիծ»
«Չինաստանը վստահ է, որ մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսի հաշվին: Այդ առումով պետք է ասել, որ ՆԱՏՕ-ի հինգ փուլերով ընդարձակումը դեպի արևելք, առաջացրել է Ռուսաստանի օրինական մտահոգությունը, որն անհրաժեշտ էր լրջորեն ընդունել և պատշաճ կերպով քննարկել: Ուկրաինան պետք է լինի Արևմուտքի և Արևելքի կամուրջ, այլ ոչ թե մեծ տերությունների հակամարտությունների ճակատային գիծ»,- հայտարարել է Չժան Ցզյունը:
Նա կոչ է արել խնդիրը լուծել երկխոսությամբ ու բոլոր կողմերի անվտանգությունը և շահերը հաշվի առնելու հավասարակշռված սկզբունքով:
Չընդունված նախագծով Անվտանգության խորհուրդը պետք է պահանջեր Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական արշավը և Ուկրաինայի տարածքից դուրս բերել զորամիավորումները: Այժմ այս նախագիծը կփոխանցվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված 193 պետությունների պատվիրակների ընդհանուր նիստին:
Լռության րոպե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկությունից առաջ Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան առաջարկել է լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել Ուկրաինայում զոհվածների հիշատակին: Նման բան ՄԱԿ-ի կանոնակարգով ընդհանրապես նախատեսված չէ:
Ռուսաստանի դեսպան Նեբենզյան, ով այս ամսվա ընթացքում հերթագայության կարգով նախագահում է խորհուրդը, առաջարկել է միաժամանակ հարգանքի տուրք մատուցել նաև Դոնբասում զոհվածների հիշատակին: Առաջարկն ընդունվել է, ինչից հետո լռության րոպե է հայտարարվել: