Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» Մոսկվային կոչ է անում «դադարեցնել արյունահեղությունը»


«Մեծ յոթնյակի» անդամ երկրները խստորեն դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Այս «չհրահրված և միանգամայն չարդարացված հարձակմանը նախորդել են շինծու պնդումներ և չհիմնավորված մեղադրանքներ», ասվում է համատեղ հայտարարության մեջ:

G7-ը Մոսկվային կոչ է արել «դադարեցնել արյունահեղությունը» և անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անձնակազմի անվտանգությունը։ Աշխարհի ամենազարգացած յոթ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները այսօր տարածած հայտարարությամբ շեշտում են, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և այն բոլոր պարտավորությունները, որոնք Ռուսաստանը ստանձնել է Հելսինկյան Եզրափակիչ ակտով և Փարիզի կանոնադրությամբ, ինչպես նաև Բուդապեշտի հուշագրով։

Ռուսաստանի ներխուժումը հարևան պետություն արմատապես փոխել է անվտանգության իրավիճակը եվրատլանտյան տարածաշրջանում, դրա հետևանքները Եվրոպայի սահմաններից դուրս են, նաև ասվում է հայտարարության մեջ։

«Միջազգայնորեն ճանաչված սահմանները ուժով փոխելը որևէ արդարացում չունի»,- շեշտում են G7-ի ղեկավարները և հավելում, որ Պուտինը «պատերազմ սանձազերծելով եվրոպական մայրցամաքում կանգնել է պատմության սխալ կողմում»:

G7-ը դատապարտել է նաև Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային. հայտարարության հեղինակները պնդում են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը մասամբ իրականացվել է Բելառուսի տարածքից: «Մեծ յոթնյակը» պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն տրամադրել «ռուսական ագրեսիայի հետևանքով տառապանքները մեղմելու համար», այդ թվում՝ փախստականներին և տեղահանվածներին։

XS
SM
MD
LG