Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը Ուկրաինայի մի շարք բնակավայրեր են գրավել


Փետրվարի 24-ի երեկոյան Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնեց, որ ռուսական զորքերը գրավել են Կախովկայի էլեկտրակայանը։

Կախովկան գտնվում է Ղրիմից հյուսիս ընկած Դնեպրի ափին՝ Խերսոնից ոչ հեռու։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել նաև Խերսոնի մոտ Դնեպրի վրա ընկած կամուրջը։

Ուկրաինայի արևելքում և հյուսիսում ռուսական զորքերը ներխուժել են Խարկովի, Սումիի, Չեռնիգովի մարզերի որոշ բնակավայրեր։

Երեկոյան հաղորդվեց, որ տանկեր են մտել մարզային կենտրոն Սումի քաղաք։

Խարկովի մոտ կռիվներից հրապարակվել են այրվող, ենթադրաբար ռուսական ռազմական տեխնիկա և շարժվող զրահամեքենաներ՝ Կիևի ուղությամբ։

Ռուսական մարտական ուղղաթիռները գրոհել են Կիևի մոտ գտնվող Հոստոմել օդանավակայանը։ Ըստ հրապարակված տեսանյութերի` երկու ուղղաթիռ խոցվել է։

Այսօր առավոտյան CNN-ի թղթակիցը տեղից հաղորդել է, որ ռուս դեսանտայինները գրավել են Կիևից մոտավորապես 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտոնով օդանավակայանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հարվածել են ավելի քան 70 ցամաքային թիրախների, այդ թվում` օդանավակայանների ու հակաօդային պաշտպանության համակարգերի։

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ Ռուսաստանի հրթիռակոծությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակիչների շրջանում։

XS
SM
MD
LG