Մատչելիության հղումներ

Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի դիմակայելու հնարավոր սցենարներին. Անդրանիկ Քոչարյան


ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի ու տարածաշրջանի վրա կարող է իր ազդեցությունն ու ռիսկերն ունենալ:

Ըստ նրա` հիմա պետք է կարողանալ ճիշտ կառավարել այդ ռիսկերը:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա կոչին և մի շարք այլ հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«44-օրյա պատերազմից հետո որոշակի խնդիրներ կան լուծված, բայց բավարար չէ…»

«Ամբողջ աշխարհի վրա արդեն ազդեցություն ունի, ուզենք թե չուզենք, ինչ-որ ազդեցություն կունենա Հայաստանի ու տարածաշրջանի վրա, ուրիշ բան ինչպես կկարողանանք կառավարել այդ ազդեցությունները, որպեսզի մեր անվտանգային միջավայրը կարողանա դիմակայել այդ դժվարություններին», - անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին` ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին` որքանով է պաշտպանվածությունը բարձր վիճակի բերված, նա պատասխանեց. «44-օրյա պատերազմից հետո որոշակի խնդիրներ կան լուծված, բայց դա բավարար չէ նշված ռիսկերը բարձր մակարդակով կառավարելու համար, և այդ ռիսկերի համար միայն ռազմական բաղադրիչը չէ, որ պետք է պատճաշ մակարդակի բերվի, այլ բոլոր պետական մարմինները պետք է կարողանան այդ ռիսկերը կառավարել»:

Ըստ պատգամավորի` Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի հնարավոր սցենարներին դիմակայելու:

Դիտարկմանը, որ Թուրքիան կարող է օգտվել այս իրավիճակից ու դա անդրադարձնի Հարավային Կովկասի վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանեց. «Հնարավոր է, որ օգտվի կամ չօգտվի, Թուրքիան ունի իր հետաքրքրությունները Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ»:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Օգտատերերը հետաքրքրվել էին, թե հնարավոր է, որ Ռուսաստանը Հայաստանին ևս ներքաշի Ուկրաինայի դեմ հակամարտության մեջ: Իշխանության ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Այն երկրները, որոնք միջազգային հարաբերություններում իրենց ռիսկերը չեն կարողացել կառավարել, ունեն տարածքային կորուստներ, օրինակ` Վրաստանը, Ուկրաինան. մենք պետք է շարժվենք մեզ համար ցանկալի ճանապարհով, որպեսզի կառավարելով ռիսկերը` չունենանք լրացուցիչ բարդություններ ու տարածքային կորուստներ, սահմանների վրա լրացուցիչ լարվածություն, ակտիվություն չստեղծվի, մենք պետք է է սառնասրտորեն մեր երկրի ամրությունները կարգավորենք»:

ԶՈւ կադրային փոփոխությունների մասին

Հարցին, թե ինչով են պայմանավորված Զինված ուժերում այսօրվա կադրային մի շարք փոփոխությունները, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը դա չցանկացավ կապել քրեական գործերի հետ:

«Սա բանակի ռեֆորմների հետ է կապված, ուրախանանք, որ փոփոխությունները լինեն բարձր մակարդակի, այսինքն` նշանակվող անձնակազմի հետ որևէ հետին քննարկումների առարկա չլինի: Նույն մարդուն չենք նշանակում, փոխվում է, որովհետև առաջացել էր նաև կառուցվածքային փոփոխությունների խնդիր, պաշտպանական գերատեսչության կառուցվածքը մտնում է փոփոխությունների փուլ»:

Քոչարյանը չհամաձայնեց, որ նորանշանակ զինվորականները իշխանության «սրտի թեկնածուներն են», նկատեց, որ նրանք բանակում ծառայության անցել են ավելի վաղ ժամանակից, քան գործող իշխանությունն է, և նրանց պետք է համարել ոչ թե իշխանության, այլ պետության համար հավատարիմ զինվորականներ:

«Քննիչ հանձնաժողովը արդեն գործում է»

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի` արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքների քննությանը պետք է անդրադառնալ ավելի բարենպաստ և հանդարտ իրավիճակում։

Անդրանիկ Քոչարյանը չի կիսում առաջին նախագահի կարծիքը. «Քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ տեքստ հրապարակեց` առաջարկելով, որ հանձնաժողով չստեղծվի, այնուամենայնիվ հանձնաժողով ստեղծվեց, ու ներքաղաքական իրավիճակը չսրվեց: Պետք է գնալ հարցերի լուծման ճանապարհով: Քննիչ հանձնաժողովը արդեն գործում է»:

Գերիների վերադարձի մասին

«Պարբերաբար գերիները վերադառնում են Հայաստան, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ հարթություններում աշխատանք է տարվում, դա միայն ուժային կառույցների միջոցով չէ, որ կարգավորվում է:

Վերջերս որպես հումանիտար լուծում` շատ է խոսվում առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների ճակատագրերի խնդրի մասին, դա էլ պետք է դառնա այս ամբողջ` գերիների ու անհետ կորածների միասնական լուծում գտնելու հնարավորության բաղադրիչ», - ասաց Քոչարյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ է արվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ:

XS
SM
MD
LG