Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ավելացնում է Արևելյան Եվրոպայում զինվորականների թիվը


Ամերիկացի զինծառայողները ժամանում են Եվրոպա, փետրվար, 2022թ․
Ամերիկացի զինծառայողները ժամանում են Եվրոպա, փետրվար, 2022թ․

ՆԱՏՕ-ն ավելացնում է Արևելյան Եվրոպայում զինվորականների թիվը։ Այս մասին ասվում է դաշինքի կայքէջում հրապարակված հայտարարությունում։ Դրանում նշվում է, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա։

«Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհա-ռազմավարական հետևանքներ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար։ Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ուժեղացնում ենք նավատորմը։ Մենք բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստականությունը ցանկացած չնախատեսված հանգամանքներին արձագանքման համար», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։

Այսօր վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

XS
SM
MD
LG