Մատչելիության հղումներ

Պետական կառույցներում կընդունվեն վարքագծի հստակ կանոնակարգեր


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է կանոններ, որոնց հիման վրա առաջիկա ամիսներին պետական բոլոր կառույցներում պետք է ընդունվեն վարքագծի հստակ կանոնակարգեր՝ ըստ ոլորտների բոլոր աշխատակիցների համար։

Ցանկացած աշխատող պետք է տեղյակ լինի, թե ինչ վարքագիծ է ակնկալվում իրենից կոնկրետ պաշտոնում, ասում է հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը․ - «Տիպային կանոնները հիմքն են հանդիսանալու բոլոր կանոնագրքերի»։

Տիպային կանոնները կդառնան ընդհանուր ստանդարտ ողջ երկրում մշակվելիք վարքագծի կանոնագրքերի համար, որոնք կկիրառվեն պետական կառույցներում, ՏԻՄ մարմիններում, իրավապահ համակարգում։

Եթե սեփական կանոնագրքերը տիպային կանոնների հիման վրա պետական մարմիններն իրենք կմշակեն իրենց աշխատակիցների համար, ապա պետական և համայնքային բարձրաստիճան պաշտոնյաների վարքագծի կանոնները կսահմանի հանձնաժողովը։

«Այն կանոնագիրքը, որը մենք ենք հաստատելու, այսինքն՝ պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց համար, մենք խախտման պարագայում պետք է տանք եզրակացություն խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ, որը կուղարկվի վերադասին և դրա հիման վրա կկիրառվի կարգապահական պատասխանատվություն», - ասաց հանձնաժողովի անդամը։

Ալեքսանյանի խոսքով՝ այսպիսով հնարավոր կլինի ողջ երկրում ապահովել միասնականություն եվրոպական լավագույն փորձի օրինակով։

«Այսինքն՝ չստացվի այնպես, որ մի ոլորտում հանրային ծառայողն ունենա մի կերպար, մյուս ոլորտում հանրային ծառայողի կերպարի նկատմամբ լինեն բոլորովին այլ պահանջներ», - ասաց Ալեքսանյանը։

Օրինակ՝ բոլոր քաղծառայողները կամ համայնքային աշխատողները կիմանան, որ սեռով կամ այլ հանգամանքով պայմանավորված խտրականությունն արգելված է իրենց ստորագրված կանոնագրքով, կամ մեկ այլ օրինակ, եթե սոցցանցում հավանեն ատելություն տարածող գրառումներ, ևս կխախտեն նույն կանոնագիրքը։

«Հանրային ծառայողը չպետք է ընդունի որևէ առավելություն, կամ հայցի որևէ առավելություն՝ իր պաշտոնից ելնելով, օրինակ, կամ սոցցանցերում վարքագծի հետ կապված էլի կանոններ նախատեսված են, և սա հանրային լայն քննարկման առարկա է», - նշեց հանձնաժողովի անդամը։

Պատասխանատվության տեսակները տարբեր կլինեն՝ նկատողությունից մինչև աշխատանքից ազատում, ընդ որում այժմ գործող օրենքով չկա կարգապահական պատասխանատվություն նախատեսված քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար։ Լիլիթ Ալեքսանյանն ասում է՝ այս հարցը պետք է քննարկեն ու հասկանան, թե որը կլինի լավագույն լուծումը։

«Միջազգային փորձն է այս տեսանկյունից, թե որն է Հայաստանին ամենավերաբերող փորձը, որովհետև, ըստ էության, օրենքը սահմանում է, որ այդ պաշտոնների պատասխանատվությունը քաղաքական պատասխանատվություն է», - ասաց Ալեքսանյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խոստանում է բարձաստիճան պաշտոնյաներին վերաբերող կանոնագիրքն ընդունել հանրային լայն քննարկումներից հետո։

XS
SM
MD
LG