Մատչելիության հղումներ

Շուտով շրջանառության մեջ կդրվեն նոր նմուշի հայտարարագրեր


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը մամուլի ասուլիս են տալիս, 11 փետրվարի, 2020թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը մամուլի ասուլիս են տալիս, 11 փետրվարի, 2020թ.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Արդարադատության նախարարության հետ մշակել է նոր նմուշի հայտարարագրեր, որոնք հունվարի 30-ին հաստատվել են կառավարության կողմից և շուտով շրջանառության մեջ կդրվեն:

Նմուշները դեռևս հասանելի չեն հայտարարատուներին: Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, սակայն, վստահեցնում է՝ մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ մարտի 31-ը, կմեկնարկի 2020 թվականի հայտարարագրման պրոցեսը. - «Այս հայտարարագրերն արդեն ներառում են շահերի հայտարարագրումը առաջին անգամ, ինչպես նաև փորձել ենք հայտարարագրերում ներառել որակական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ»:

Հանձնաժողովի գործունեության հետ առնչվող մի շարք օրենքների փոփոխություններն Ազգային ժողովում դեռ չեն քննարկվել, բայց կառավարության նոյեմբերի 21-ի նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց փոփոխությունների փաթեթ, որով հանձնաժողովը նոր լիազորություններ է ստանում: Մասնավորապես, նորաստեղծ այս կառույցն այն օղակներից մեկն է, որն իրականացնելու է դատավորների բարեվարքության ինստիտուտի ներդրումը կամ այսպես կոչված «վեթինգը»: Օրինակ՝ եթե դատավորը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չհիմնավորի իր ունեցած եկամուտների օրինականությունը, ապա կենթարկվի պատասխանատվության:

«Գույքի և եկամուտների շահերի հայտարարագրերի ստուգման կամ ուսումնասիրության թիրախավորված հատվածը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և մենք այդ ուղղությամբ մեթոդաբանության մշակումը գրեթե արդեն ավարտին ենք հասցնում, որը հետո տարածվելու է նաև գործող դատավորների վրա, իսկ արդեն նոր նշանակվող հանրային ծառայողները, այդ թվում՝ դատավորները, դատախազներն անցնելու են ավելի ընդլայնված բարեվարքության ստուգման գործընթաց, որը ներառելու է իմ նշած բաղադրիչները՝ գույք, եկամուտ և շահեր, նաև հենց հանրային ծառայողի վարքագծի կանոններին համապատասխան վարքագծի վերաբերյալ տվյալներ, ավելի վաղ եթե անձը դեռևս պաշտոնատար անձ է եղել, այդ ժամանակահատվածի և առհասարակ գործունեության վերաբերյալ: Այսինքն՝ այդ հատվածը գրեթե ծածկվում է, և հաշվի առնելով, որ հանձնաժողովին այդ նույն օրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի շրջանակում հնարավորություն է տրվում արդեն հասանելիություն ունենալ տեղեկատվության ընդլայնված բազաների, կարծում ենք, որ այս պահին առնվազն այդ կարգավորումները բավարար են այդ գնահատումն իրականացնելու համար», - բացատրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Քննարկման փուլում գտնվող նախագծով առաջարկվում է հանձնաժողովին ապահովել ֆինանսական տվյալների հասանելիության որոշակի գործիքներով: Ընդլայնվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմը, սահմանվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն պաշտոնատար անձի հետ փոխկապակցվող անձի համար: Հանձնաժողովի անդամները չեն կարծում, որ այս դեպքում ևս նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կետեր կտեսնի, ինչպես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դեպքում: Ասում են՝ ի տարբերություն իրավապահների՝ բանկային գաղտնիքի հասանելիություն իրենց տրամադրվում է ավելի նեղ շրջանակի համար:

«Մեթոդաբանությունն ինքնին կսահմանի այն դեպքերը, երբ հանձնաժողովն իրավունք կունենա և կձգտի գնալ և ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն, ինչպես նաև օրենքի նախագիծն էլ սահմանում է, որ տեղեկատվության ստացման կարգը միասին մշակելու են հանձնաժողովը և Կենտրոնական բանկը: Հետևաբար, այս երկու հանգամանքները պետք է նպաստեն վստահությանը, որ որևիցե հայեցողական որոշում՝ գնալ և ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն չի կայացվի, և դա կարվի միայն անհրաժեշտության պարագայում», - հավելեց Ալեքսանյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 2019թ. նոյեմբերի 26-ին՝ օրենքով նախատեսված 2018-ի փոխարեն: Հանձնաժողովը, որ պետք է 5 անդամ ունենա, «Իմ քայլից» առաջադրված Էդգար Շաթիրյանի հրաժարականից հետո այժմ գործում է 4 հոգանոց կազմով: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չնայած ժամկետների խախտմանը իր թեկնածուին դեռ չի առաջադրել: Հանձնաժողովի կազմավորումից 2 ամիս անց էլ չի ձևավորվում 35 հոգանոց աշխատակազմը, քանի որ հանձնաժողովին դեռ չի հատկացվել շենք, իսկ Անվտանգության խորհրդի շենքում, որտեղ այժմ գործունեություն են ծավալում, բավարար տարածք չկա: Բացի այդ, չունեն պաշտոնական կայքէջ, մինչդեռ օրենքի պահանջ է, որ իրենց որոշումները հրապարակեն կայքում:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն այսօր չցանկացավ գնահատել՝ ինչքանով են համարժեք իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարը գերակա հռչակելու մասին հայտարարությունը և ստեղծված իրավիճակը. - «Մեր պատրաստակամությունը որպես հանձնաժողով ամբողջությամբ ներդրում ենք այդ հնարավոր խնդիրները նաև կառավարությանը և նոր իշխանություններին հասանելի դարձնելու համար»:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG