Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը


Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու ընդհանուր սուր մտահոգությունը, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան առաջիկա օրերին», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Աղբյուրի համաձայն, Բլինքենը «հասկացրել է, որ կան ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիներ»։ Պետքարտուղարը, հաղորդագրության համաձայն, կրկին զգուշացրել է՝ «Մոսկվան կբախվի վճռական, լայնածավալ և միասնական անդրատլանտյան պատասխանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում»։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովը ամերիկացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու վնասակար փորձերը»։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև իր դժգոհությունն է հայտնել այսպես կոչված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին Արևմուտքի արձագանքի կապակցությամբ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ «անտեսվել է» Ռուսաստանի առանցքային պահանջները՝ ՆԱՏՕ-ի չընդլայնման և Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքերի չտեղակայման վերաբերյալ։

Այսօր նախատեսված է նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը, որը Կրեմլի համաձայն, տեղի կունենա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG