Մատչելիության հղումներ

Ըստ Թուրքիայում անցկացված սոցհարցման, թուրքերի 61 տոկոսը, սպառնալիք է համարում Հայաստանը


Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկի առաջին հնգյակում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը և Կիպրոսը:

Չնայած թուրքական իշխանությունները հարևանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականություն են վարում, թուրք հասարակությունը շարունակում է սպառնալիք համարել այն երկրները, որոնց հետո Անկարան փորձում է երկխոսել։

Ընդ որում, վերջերս անցկացված հարցման արդունքներով, առաջին հորիզոնականում հենց Հայաստանն է, որի հետ Թուրքիան նոր-նոր է կարգավորման գործընթաց սկսել։

Հարցումն իրականացրել է Ստամբուլի Քադիր Հաս հեղինակավոր համալսարանը անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և արտահայտում է Թուրքիայի հանրության կարծիքը ամենատարբեր բնագավառներում իշխանությունների գործելակերպի վերաբերյալ: Հարցումն իրականացվել է երկրի 26 նահանգներում։

Այսպես, արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ հարցերի պատասխանները վկայում են, որ հարցվածների մեծամասնությունը՝ 61 տոկոսը, սպառնալիք է համարում Հայաստանը։ Ընդ որում, այդ ցուցանիշը աճել է նախորդ երկու տարիների համեմատ։ 2020 թվականին նման կարծիք էր հայտնել հարցվածների 59, իսկ 2019-ին՝ 46 տոկոսը։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկի առաջին հնգյակում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը և Կիպրոսը:

Իսկ բարեկամական երկրների շարքում առաջատարը դաշնակից Ադրբեջանն է, որին հաջորդում են Հյուսիսային Կիպրոսն ու Վրաստանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցած տարեվերջին անցկացված սոցհարցման համաձայն, հայաստանցիները, իրենց հերթին, Թուրքիան են համարում անվտանգային ամենամեծ սպառնալիքը երկրի համար։

Թուրքիայում հարցման մասնակիցներից նաև հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունեն արտաքին քաղաքական դաշտում իշխանությունների ձեռնարկած քայլերի, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերի մասին: Հետաքրքրական է, որ հարցվածների 66 տոկոսը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 19 տոկոսը հստակ պատասխան չի տվել և միայն 14 տոկոսն է կողմ արտահայտվել իշխանությունների այս օրակարգին:

Սրան հակառակ, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն, հայաստանցիների 73 տոկոսը համարում է, որ Երևանը պետք է երկխոսություն սկսի Անկարայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները, սակայն նաև առաջ քաշում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման հարցը։ 70 տոկոսի կարծիքով, Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջադրելով իր նախապայմանները, ինչպիսին է, օրինակ, Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտելը:

Քադիր Հաս համալսարանի անցկացրած հարցման մեջ «Կընդունեի՞ք արդյոք ազգությամբ հայ հարևանի» ուշագրավ հարցին մարդկանց կեսից ավելին՝ գրեթե 54 տոկոսը բացասական պատասխան է տվել, և միայն 8 տոկոսն է դրական վերաբերվում հայերի հետ հարևանությանը, ևս 11 տոկոսի համար ընդունելի են քրիստոնյա հարևանները:

Ներքաղաքական մարտահրավերների թվում, Թուրքիայի քաղաքացիներին ամենից շատ մտահոգում է երկրի տնտեսական վիճակը: Հարցվածները կարևոր խնդիր են համարում նաև փախստականների հարցն ու քովիդի առաջացրած դժվարությունները: Սրանով հանդերձ, հարցման մասնակիցների 40 տոկոսը շարունակում է աջակցել նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Քաղաքացիները նաև արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Հարցվածների միայն 17 տոկոսն է կարծում, որ պետք է ընտրությունների գնալ 2023 թվականի հունիսից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG