Մատչելիության հղումներ

Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը պետք է երաշխավորված լինի․ Թաթոյանը՝ լրագրողների ահազանգերին


Լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի, հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ այսօր վաղ առավոտից լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր վաղ առավոտյան Սարդարապատի հուշահամալիր են այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք՝ հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հերոսամարտում զովածների հիշատակին։ Լրագրողների մուտքը հուշահամալիր արգելվել է։

Ըստ Թաթոյանի՝ լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝ ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով:

«Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին, հետևաբար լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի», - ասված է Թաթոյանի հայտարարությունում։

:

XS
SM
MD
LG