Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը», - ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն՝ թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև «Տեխնոֆեստ-2022» փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մասնակցության հարցերը։
Ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ամենամյա այդ փառատոնն անցկացվում է Թուրքիայում, այս տարի, ըստ պաշտոնական Բաքվի, կկազմակերպվի Ադրբեջանի մայրաքաղաքում մայիսի 26-29-ը: