«Բարի ախորժակ Գերդային», Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները այս գրությամբ տեսանյութ են տարածել՝ կադրերում միս խժռող վագրն է, երկու օր առաջ էր տեղեկություն տարածվե, թե Գերդան՝ այգու նախավերջին վագրը անկել է: Նա ծեր է, այս տարի, եթե հաջողվի, 20 տարեկան կդառնա, երիկամների խնդիր ունի, բայց չի անկել:
Նույն օրը այգուց ահազանգ հնչեց՝ սմբակավորների բաժնում առնետի թույն են գտել՝ այգու միակ ուղտն ու երկու կուլանները կարող էին թունավորվել. «Թույնը գցել են ջրամբարի մոտ»:
Այգու էկոլոգն է մանրամասն տեսաապացույցներ ներկայացնում համացանցի իր էջում, իսկ տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը դիմել է իրավապահներին, որ պարզեն՝ ովքեր են փորձում թունավորել կենդանիներին: Ըստ Մկրտչյանի, այս ամենով փորձում են վարկաբեկել, մեղադրել տնօրինությանը:
«Մկնդեղը գտել են, մարդուն չեն գտել: Իմ ուղեղի մեջ դա երբեք չի տեղավորվում, որ ինչ-որ մեկն իր կենդանուն սիրելով հանդերձ թունավորի: Կենդանուն իսկական խնամողը ինքը կարա սոված մնա, կենդանին կուշտ լինի», - ասաց կենդանաբանական այգու նախկին աշխատակից Խաչիկ Քառյանը:
Խաչիկ Քառյանը գիշատիչների բաժնի ավագ խնամողն էր, հեռացավ այլ մասնագետների հետ, աշխատանքային խնդիրների պատճառով, դրանցից մեկն էլ այն էր, որ արջերին որոշել էին չկերակրել, որպեսզի նրանք թմրեն ու քնեն:
Նախորդ տարեվերջից սկսած Երևանի կենդանաբանական այգում աշխատակիցների և տնօրինության միջև կրքեր են եռում: Այգու գլխավոր կենդանաբույժը, կենդանաբույծը, գիշատիչներին, թռչուններին խնամողները, էլի այլ մասնագետներ հեռացել կամ հեռացվել են այգուց: 6 հազվագյուտ անգղեր մի քանի օրում սատկեցին, ըստ հեռացած մասնագետների ՝ սովից: Բազմաթիվ այլ կենդանիներ էլ են անկել սովի, նոր դիետաների, ընդհանրապես տնօրինության ոչ մասնագիտական մոտեցման պատճառով, պնդում են այգուց հեռացած աշխատակիցները:
Ի՞նչ է ի վերջո կատարվում այստեղ, ինչպե՞ս մարդկանցից փրկել կենդանիներին: Երեկ Երևանի քաղաքապետարանում այգու կառավարման խորհրդի արտահերթ ու հրատապ նիստ է հրավիրվել:
«Պետք է լինեն մասնագետներ, որոնք պետք է զբաղվեն հենց այդ կենդանիների առողջական ու մնացած խնդիրներով: Եթե մասնագետ չլինի, պարզ է, որ այգու վիճակը նման վիճակում կլինի», - նշեց Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ղեկավար Կարեն Մանվելյան:
Այգու կառավարման խորհրդի ղեկավար Կարեն Մանվելյանը շեշտում է՝ այգուց մասնագետներ են հեռացել, հիմա մի քանի նոր մասնագետ կա, բայց քիչ են ու փորձ է պետք. «Այգում մասնագետ դառնում են տարիների աշխատանքի փորձի հիմքի վրա, ոչ թե միանգամից գալիս են ու հասկանում են»:
Կառավարման խորհրդի անդամները այգու տնօրենից նաև լսել են, որ մսի հայթայթման խնդիր կա հիմա, այսինքն կենդանիների կերի: Արևիկ Մկրտչյանն այսօր մեր զանգերը անպատասխան թողեց, կառավարման խորհրդի անդամներից ավագանու իմ քայլական անդամ Արման Անտոնյանը բացատրում է ոչ թե կերի խնդիր է, այլ որակյալ կերի խնդիր:
«Քանի որ տնօրենի կողմից բարձրաձայնվել է, որ սննդի մատակարարը կենդանաբանական այգուն մատակարարում է ոչ որակյալ ծնունդ, ուստի կան ենթադրություններ, որ կենդանիները անկում են այդ անորակ սննդից», - նշեց Անտոնյանը:
Այգին 6 ամիս է Մկրտչյանն է ղեկավարում, ինչո՞ւ են հիմա խոսում անորակ կերի մասին, այս հարցի պատասխանը՝ չկա: Անգղերի անկման պատմությունից հետո այգու էկոլոգ Հրանտ Դավթյանը հայտարարում էր, որ կենդանիներին նախկին անասնաբույծը աղբով է կերակրել: Իսկ հիմա նա պարբերաբար հրապարակում է լուսանկարներ՝ նարինջ, կիվի, թարմ կանաչեղենով զարդարված բազմերանգ տարաներ, որ վայելում են կենդանիները:
Նկարահանումից դուրս էլ է պատկերն այսքան գեղեցիկ, պարզել հնարավոր չէ, քանի որ այգու մթերքի պահեստը սանիտարական գոտի է համարվում, նկարահանում չի կարելի: Այգու կառավարման խորհրդի անդամները երեկ պայմանավորվել են, կենդանաբուժական- կենդանաբուծական կանոնակարգ մշակել. ամեն մասնագետ պետք է իր անելիքն իմանա, ամեն կենդանի՝ իր մշակված ճաշացանկը, որպեսզի կենդանիները տնօրենի, աշխատակցի քմահաճույքներին զոհ չգնան:
«Անկախ նրանից, թե ով կլինի տնօրենը, ով կլինի այգու մասնագետը ու իրանք վերցնեն որպես բլիբլիա և շարժվեն դրանով», - նշեց կառավարման խորհրդի նախագահը:
Կարեն Մանվելյանն ասում է՝ այսօր իրենք այգում որևէ գործընթացի հետևել չեն կարող, քանի դեռ մասնագիտական այդ կանոնակարգերը չկան, իսկ դրանք եղել են, հիշում է Մանվելյանը, որ 90-ականներին այգու փոխտնօրենն էր: Որոշել են նաև այգու տարածքը տեսախցիկներով զինել, քանի որ թունավորման կրիմինալ պատմություններն այստեղ նոր չեն, սակայն պատիժ կրողներ էլ չեն եղել:
«Ցավոք, կենդանաբանական այգում այդքան տեսախցիկներ չկան, որ հնարավոր լիներ հիմնավորել և հնարավոր լիներ պարզել, թե ով է այդ մկնդեղի տրցակն այնտեղ նետել: Շատ եմ ցավում, որ մարդկանց վիճաբանությունների կամ մարդկանց պատճառով կենդանիներն են տուժում», - ընդգծեց Անտոնյանը:
Ի՞նչ է մնացել կենդանաբանական այգում, սա էլ հարց, որ մտադիր են պարզել խորհրդի անդամները, այգում կենդանիների գույքագրում կանցկացվի: Ի դեպ՝ մինչև այժմ պարզ չէ, քանի անգղ է անկել ի վերջո. կենդանիներին խնամողներն ասում են՝ 6, ղեկավար անձնակազմը՝ 4: