Մատչելիության հղումներ

Ռուբեն Խաչատրյանը դադարեցնում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները


Ռուբեն Խաչատրյան, արխիվ
Ռուբեն Խաչատրյան, արխիվ

Ռուբեն Խաչատրյանը դադարեցնում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները», - հայտնել է նա:

Ըստ Խաչատրյանի՝ իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել, կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ և այլն։

«Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում», - հավելել է Խաչատրյանը:

Այսօր առավոտյան Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Կենդանաբանական այգուց հայտնել են, որ շներին բռնել չի հաջողվել: Շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար այգու աշխատակիցները դիմել են իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով։

Երեկ վաղ առավոտյան էլ Երևանի կենդանաբանական այգու տարածք էր ներթափանցել հինգ-վեց թափառող շներից բաղկացած ոհմակ։ Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է երեք կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից երեքին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG