Մատչելիության հղումներ

Երևանի կենդանաբանական այգին փակ է, ևս մեկ անկում է գրանցվել


Երևանի կենդանաբանական այգին փակ է երեկվանից. օրեր առաջ այգու երկու ուղտերից մեկը՝ 20 տարեկան երկսապատ էգը սատկել է: Լաբորատոր փորձաքննությամբ նրա թոքի նմուշում հայտնաբերվել են տուբերկուլյոզի մանրէներ:

«Հաստատվել է լաբորատոր թեստով, ներկայումս մենք՝ տեսչության մասնագետներն այցելել ենք գազանանոց և պետք է իրականացնենք հակատուբերկուլյոզային միջոցառումներ», - ասում է Անասնաբուժական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա՝ այգում կարատինային աշխատանքներ են իրականացնում տուբերկուլյոզի տարածումը կանխելու համար: «Ազատությանը» նույնպես թույլ չտրվեց ներսում նկարահանումներ անել։ Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանն ասում է՝ ուղտն առանց տուբերկուլյոզի էլ վատառողջ էր. - «Խնդիր ուներ կենդանին, քաշի անկում, արգանդից արտադրություն»:

Այժմ այգում մնացել է միայն մեկ ուղտ, որ նույն տարածքն է կիսել վարակից սատկած կենդանու հետ: Արդյո՞ք նա էլ է տուբերկուլյոզի վարակակիր, այգու կենդանաբույժն ասում է՝ որքան էլ ջանան, 100 տոկոսանոց ստուգում անել չեն կարող, տուբերկուլյոզի թեսթեր չկան. - «Հանրապետությունում տուբերկուլին, որով ստուգվում է, չկա, տվյալ կենդանիների համար նախատեսված չկա: Փաստը մնում է փաստ, որ չկա»:

Անասնաբուժական տեսչության ղեկավարն այլ բան է պնդում՝ թեսթեր կան, շատ չեն, բայց միակ ուղտը ստուգվել կարող է. - «Տուբերկուլին, այո, կա: Մենք պայմանավորվածություն ունենք ապահովելու, նախնական, ես նշեցի, նախնական, առաջնային կհետազոտվեն անկման տարածքում առկա կենդանիները, հետագայում արդեն տուբերկուլինի քանակից ելնելով՝ մնացած ընկալունակ կենդանիների ստուգումը»:

Արթուր Մելիքյանը որպես մասնագետ անհրաժեշտ է համարում, որ հակատուբերկուլյոզային միջոցառումներ իրականացվեն ռիսկային կենդանիների հետ՝ կաթնասուններ, թռչուններ, պրիմատներ, բայց պարզ չէ՝ արդյոք թեսթերը, եթե կան, բավարար են։ Կենդանիներից բացի, տուբերկուլյոզը կարող է նաև այգու այցելուներին փոխանցվել։ Մասնագետներն ասում են՝ գազանանոցը կբացվի միայն կարանտինային միջոցառումներից հետո։

Այգում տուբերկուլյոզի դեպք նաև 2018-ին է գրանցվել. լամաներից մեկը վարակվել, սատկել էր, սպանդի ենթարկվեցին նրա 7 ցեղակիցները։ Կենդանաբույժ Հովհաննիսյանն ասում է՝ առաջիկայում էլ անկումներ չեն բացառում. - «Իհարկե, չեն բացառվում անկումներ և ոչ միայն տուբերկուլյոզից, ունենք բազմաթիվ կենդանիներ, որոշ մասը ծեր են, որոշ մասի մոտ հիվանդություններ են լինում»:

Այգում անկումներ են եղել նաև տարեվերջին. 3 դեկորատիվ խոճկորները սատկել են, ասացին՝ պարզ չէ, թե ինչից, և մի մողես. - «Հազվագյուտ, մողեսներ մեզ մոտ չեն անկել, մի հատ ծեր մողես է եղել, որը շուտվանից արատավոր է եղել, անկել է, պետք է անկեր ինքը, մենք գիտեինք, որ պետք է անկեր»:

Սկանդալները, կենդանիների անկումներն այգուց անպակաս են։ Նախորդ տարվա աշնանը տնօրենի պաշտոնից հեռացավ Ռուբեն Խաչատրյանն այն բանից հետո, երբ 2 օր շարունակ շների ոհմակն այգում մուֆլոններին ու կենգուրուներին էր հոշոտում, դրանից էլ առաջ մկնդեղից թունավորվեց, սատկեց միակ զեբրը, բազմաթիվ այլ կենդանիների անկումներն ուղեկցվում էին այգուց հեռացված աշխատակիցների բողոքի ցույցերով ընդդեմ Ռուբեն Խաչատրյանի: Նա հեռացել է, անկումները շարունակվում են, ցույցեր չկան։ Նոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանն այգու նախկին փոխտնօրենն է։ Նրա օգնականը տեղեկացրեց՝ շուտով կձևավորվի գիտական խորհուրդ այգու կառավարման համար:

«Խորհուրդը պետք է որոշի կենդանիների հետ կապված, դա կլինի բազմացումը հետագա, թե կլինի ներմուծում, արտահանում, փոխանակում այլ կենդանաբանական այգիների հետ, միասնական որոշում կկայացվի, ու այս դեպքում չի լինի միանձնյա տնօրինում», - հայտնեց այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:

Այգին փակ կմնա այնքան, մինչև անվտանգ դառնա այցելուների համար, ժամկետներ չեն նշվում, իսկ մուտքի մոտ այգու տեսականին ներկայացնող քարտեզը շարունակում է նոսրանալ, հեռացավ նաև 28-րդ համարի ներքո դիրքավորված սմբակավորներից ուղտը: Այգում մնացած մինուճար ուղտը վարակակիր է, թե ոչ, պարզ կդառնա վաղը։

XS
SM
MD
LG