Պեկինում այսօր մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը։ Համաճարակի պատճառով, սակայն, որոշ մարզիկներ հեռացվում են խաղերից դեռ դրանք չսկսած:
Չինաստանի իշխանությունները, մտավախություն ունենալով երկրում կորոնավիրուսի տարածումից, շատ խիստ միջոցներ են ձեռնարկել՝ բոլոր մարզիկները շարժվում են միայն մի քանի կետերի շրջանակներում, որոնք ներառում են օդանավակայաններ, մրցումների և մարզումների վայրեր և օլիմպիական գյուղեր:
Օտարերկրյա երկրպագուներին թույլ չեն տա ներկա լինել խաղերին, տոմսեր չեն վաճառվում։ Դրանք կբաշխվեն մարդկանց որոշակի խմբերի միջև, օրինակ՝ Օլիմպիական խաղերի հովանավորների ներկայացուցիչների։
Չնայած աննախադեպ միջոցառումներին՝ Չինաստանում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Այսպես, Պեկինում դեպքերի թիվը հասել է առավելագույնին վերջին 18 ամիսների ընթացքում։
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Չինաստանի մայրաքաղաքի Ազգային մարզադաշտում:
Նախագահ Սի Ծինփինը այդ կապակցությամբ կհյուրընկալի աշխարհի մոտ երկու տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ավստրալիան և այլ երկրներ բոյկոտում են Օլիմպիադայի բացումը՝ Չինաստանում մարդու իրավունքների, մասնավորապես՝ ույղուրների և հիմնականում մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի պատճառով:
Մոսկվան դատապարտել է դիվանագիտական բոյկոտը և «սպորտը քաղաքականացնելու» փորձերը, քանի որ ջանում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ՝ Արևմուտքի հետ լարվածության աճի ֆոնին: Պուտինը դեկտեմբերին Սիի հետ հեռախոսազրույցում ողջունել էր Ռուսաստանի «օրինակելի» հարաբերությունները Պեկինի հետ՝ չինացի գործընկերոջն անվանելով «սիրելի ընկեր»: