Մատչելիության հղումներ

ՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրեց Վահագն Խաչատրյանին


«Քաղաքացիական պայմանագիրը» նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը՝ 65 պատգամավորի ստորագրությամբ, «Ազատությանը» փոխանցեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Երեկ Խաչատրյանն ավելի քան 2,5 ժամանոց փակ հանդիպում էր ունեցել ՔՊ-ականների հետ։

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու որոշման մասին հայտարարեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։ Երեկ Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին․ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթավերջ, կիրակին վերջնաժամկետն է։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել՝ 27 պատգամավորի ստորագրություն է պետք։

Ընտրությունը ամենայն հավանականությամբ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կանցկացվի. հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության համար ԱԺ կանոնակարգով 25-ից 35-օրյա ժամկետ է սահմանված։

Իսկ ահա առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը ընդդիմության կարիքն ունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

XS
SM
MD
LG