Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում։
Վարչապետն ընդգծել է՝ բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելն իրենց առաջնահերթությունն է։
2018 թվականից սկսած զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, շեշտել է կառավարության ղեկավարը՝ շարունակելով՝ յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում լինելու են հետևողական։
«Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով», - իր ուղերձում նշել է վարչապետը՝ շեշտելով՝ զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:
«Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին», - ասված է Փաշինյանի ուղերձում:
«Բանակը եղել ու մնում է անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը»
Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ մասնավորապես նշելով՝ անկախ իրավիճակներից՝ բանակը եղել ու մնում է անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:
Պետք է շարունակել ջանքերը գերիներին հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ, ասել է Արմեն Սարգսյանը:
«Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են»,- մասնավորապես նշել է նախագահը:
Այց՝ «Եռաբլուր»
Բանակի օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Երեկ Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք: