Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարին մեղադրում է դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ:
Ժան-Իվ Լը Դրիանը «ձևով և էությամբ անընդունելի» էր անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ այցի հետ։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան», - երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
«Ինչ վերաբերում է անձամբ Պեկրեսին և նրա այցին Ղարաբաղ, ապա Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կարգավիճակը նրան իրավունք չի տալիս վեր կանգնել Ադրբեջանի օրենքներից», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե «երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն անօրինական կերպով այցելում են Ադրբեջանի տարածք, ապա նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվում՝ նախատեսված վարչական և քրեական օրենսգրքերով»:
Հունվարի 18-ին Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ իր գերատեսչությունն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները Պեկրեսի հասցեին՝ Ղարաբաղ նրա այցից հետո, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները կտեղեկացնեն իշխանություններին իրենց այցերի մասին։
Ադրբեջանի նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում որպես Արցախում ռուս խաղաղապահների գործունեության «նյարդայնացնող պահ» մատնանշել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Ղարաբաղ, որի կապակցությամբ իրենց պատասխանել են, թե «չեն տեսել, չգիտեն, նա անցել է սովորական մեքենայով, չնայած դա համոզիչ չէ»։