Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող ևս մեկ գործիչ ժամանել է Հայաստան


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը

Ընդամենը հինգ ամսից՝ 2022 թվականի ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ առաջատար թեկնածուները շարունակում են այցելել Հայաստան։ Նախօրեին Երևան ժամանեց գործող նախագահ Էմանյուել Մակրոնի հետ երկրորդ փուլ անցնելու ամենամեծ շանսեր ունեցող գործիչը՝ աջ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վալերի Պեկրեսը։

Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար, 54-ամյա Պեկրեսին Երևանում նախօրեին ընդունել են նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, նախագահի թեկնածուն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր։

Վալերի Պեկրեսի` Երևանում հնչեցրած հայտարարություններից դատելով` հայաստանցի պաշտոնյաների հետ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր։

«Բնական է, որ մենք խոսեցինք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի մասին։ Ես հայտնեցի ֆրանսիացիների ցուցաբերած համերաշխության մասին», - հայտարարել է թեկնածուն։

Պեկրեսի երևանյան հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա ընդհանուր առմամբ բավական քաջատեղյակ է 44-օրյա պատերազմի մանրամասներին և գոնե այս հարցում ընդդիմադիր գործչի մոտեցումները Ելիսեյան պալատի տեսակետներից քիչ են տարբերվում։

«Մենք գիտենք, և այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի կառավարությունը, որ հակամարտության, ագրեսիայի պատասխանատվությունն ակնհայտորեն կրում են Ադրբեջանը, դրա թուրք դաշնակիցները, ինչպես նաև մի շարք սիրիացի ջիհադիստներ», - - ասել է Վալերի Պեկրեսը։

Ընտրվելու դեպքում Պեկրեսը խոստանում է նաև ակտիվացնել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կոսվկասում։

«Առաջիկա հինգ տարիներին ես կանեմ հնարավորը, որպեսզի Ֆրանսիան և Եվրոպան ընդհանրապես ավելի ակտիվորեն ներգրավվեն Կովկասում խաղաղության հաստատմանը վերաբերող հարցերի լուծմանը։ Մեր անվտանգությունը նաև Հայաստանի հետ է շաղկապված», - նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն։

Հավելենք, որ Վալերի Պեկրեսին Երևանում բավական պատկառելի մի պատվիրակության է ուղեկցում։ Դրա կազմում են, մասնավորաբար, ամենափորձառու ֆրանսիացի քաղաքական գործիչներից մեկը՝ «Բրեքզիթի» հարցով ԵՄ նախկին գլխավոր բանագնաց Միշել Բարնյեն, ինչպես նաև ֆրանսիական Սենատում հանրապետականների խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն։

Հայաստանի հանդեպ ֆրանսիացի քաղաքական գործիչների նման հետաքրքրությունը պատահական չէ։ Բացի այն հանգամանքից, որ Ֆրանսիայում բավական մեծ հայկական համայնք գոյություն ունի, Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային զարգացումները բավական լավ են տեղավորվում ֆրանսիացի աջերի նախընտրական մարտավարության տրամաբանության մեջ։ Ինչպես և երեք շաբաթ առաջ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահի մեկ այլ հավակնորդի՝ ծայրահեղ աջ Էրիկ Զեմուրի պարագայում չափավոր աջ Պեկրեսի նախընտրական քարոզչության հիմնական դրույթներից մեկը՝ Փարիզը որպես արևելքի քրիստոնյաների գլխավոր պաշտպան ներկայացնելն է։

Ի տարբերություն Զեմուրի` սակայն, Պեկրեսի՝ Ելիսեյան պալատում հայտնվելու հավանականությունն անհամեմատ ավելի մեծ է։ Դեկտեմբերի 17-ից 20-ը Ֆրանսիայի ողջ տարածքում անցկացված հարցման համաձայն` եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանար առաջիկա կիրակի, ապա գործող նախագահ Էմանյուել Մակրոնի օգտին կքվեարկեր ընտրողների 51, իսկ Պեկրեսի օգտին` 49 տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը այսօրվա դրությամբ, ըստ ֆրանսիացի սոցիոլոգների, երկրորդ փուլում կարող է ստանալ առավելագույնը 43, իսկ ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Էրիկ Զեմուրը՝ 33 տոկոս։

XS
SM
MD
LG