Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 360-ով՝ հասնելով 348 հազար 145-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 61-ով և հասել 333 հազար 716-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 597 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 649 հազար 252-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 22-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 891 մարդ։
Արցախում՝ 8 նոր դեպք
Արցախում հունվարի 17-ին կատարվել է 71 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք։ Արձանագրվել է 2 մահ:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր,10 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022-ի իրականացվել է 975 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 73 դեպք։