Մատչելիության հղումներ

Գերմանիան հայտարարում է` «Հյուսիսային հոսք 2» գազատարն այս պահին չի կարող վավերացվել


Գերմանիայի նոր կառավարության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Ռուսաստանից դեպի Գերմանիա Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք 2» գազատարն «այս պահին» չի կարող վավերացվել։

Մեկնաբանելով գազատարի հետ կապված իրավիճակը, որի կառուցմանը դեմ են Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Եվրամիության մի շարք երկրներ, Բերբոքը գերմանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է. «Գերմանիայի նոր կառավարության կոալիցիոն համաձայնագիրը նախատեսում է, որ գազատարների հարցում այն կհամապատասխանի եվրոպական նորմերին։ Գազատարն այս պահին չի կարող վավերացվել եվրոպական էներգետիկ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով»։

Գերմանիայի նախկին կառավարությունը` Անգելա Մերկելի գլխավորությամբ, պարբերաբար հայտարարում էր, թե «Հյուսիսային հոսք 2» գազատարը քաղաքական հարց չէ, և այն պետք է գործարկել, քանի որ այն բխում է Գերմանիայի տնտեսության շահերից։

Կիրակի ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ դժվարությամբ է պատկերացնում «Հյուսիսային հոսք 2»-ի աշխատանքը, եթե Ռուսաստանը ռազմական ուժ օգտագործի Ուկրաինայի դեմ:

Ըստ Bloomberg-ի՝ Գերմանիայի կառավարությունն, այդուամենայնիվ, իր դաշնակիցներին Ուկրաինայի դեմ ռուսական հարձակման դեպքում «Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելու պաշտոնական խոստումներ չի տվել։ Պարբերականը գրել է, որ կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, թե ներկայումս լուծվում է գազատարի հավաստագրման հարցը, որին կառավարությունը չի կարող միջամտել։

Ուկրաինան և այնպիսի երկրներ, ինչպիսին Լեհաստանն է, «Հյուսիսային հոսք 2»-ը դիտարկում են ԵՄ-ի վրա Մոսկվայի ճնշման գործիք, որը երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանին հնարավորություն կտա հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից։ ԵՄ-ում նախագծի կողմնակիցները նշում են, որ այն կարող է օգնել կայունացնել իրավիճակը Եվրոպայում վառելիքի շուկայում, որի գները վերջին ամիսներին զգալիորեն աճել են։

Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կոմերցիոն նախագիծ է և իրականացվում է եվրոպական գործընկերների հետ համատեղ։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տարակուսանք է հայտնել մի շարք երկրների՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հանգամանքներով գազատարի ճակատագիրը որոշելու փորձերի առնչությամբ։ Մոսկվան նաև բազմիցս հայտարարել է, որ երբեք էներգառեսուրսները որպես ճնշման գործիք չի օգտագործել։

G7-ը զգուշացնում է Ռուսաստանին

Ռուսաստանը կարող է շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ, քան «Հյուսիսային հոսք երկու» գազատարի հետ կապված խնդիրներն են։ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարները երեկ` կիրակի օրը Լիվերպուլում կայացած հանդիպմանը, հայտարարություն են ընդունել, որում զգուշացնում են Ռուսաստանին զերծ մնալ Ուկրաինայի դեմ ագրեսիայից։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա, որ Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան լուրջ հետևանքներ և բարձր գին կունենա», - ասված է հայտարարության մեջ։

Ընդ որում, «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները, բացի հանդիպման արդյունքների մասին ընդհանուր կոմյունիկեից, առանձին հայտարարություն են ընդունել «Ռուսաստանի և Ուկրաինայի մասին»: Հայտարարությունում արտգործնախարարները դատապարտում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ սահմանային մեծ ուժեր կուտակելու, ինչպես նաև Կիևի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության համար:

Փաստաթղթում աշխարհի ամենազարգացած երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ռուսական և ուկրաինական կողմերին լարվածության թուլացման և բանակցություններ վերսկսելու կոչ են անում։

Հիշեցնենք՝ G7-ին անդամակցում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։

«Սահմանները փոխելու համար ուժի ցանկացած կիրառում խստիվ արգելված է միջազգային իրավունքով», - ասված է ընդունված փաստաթղթում։

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, այդ պատճառով մոտ 100 հազար զորք է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին։

Մոսկվան հերքել է ներխուժման և ռազմական գործողության նախապատրաստման մասին ենթադրությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան գտնվում է պաշտպանական դիրքում՝ մտավախություն ունենալով, որ Կիևը շատ է մոտենում ՆԱՏՕ-ին։

Ռուսաստանի արտգործնախարարությունն օրերս հրապարակել էր ռուսական պահանջները ստեղծված իրավիճակում։ Մասնավորապես, Մոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն պետք է հետ կանչի իր հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան ապագայում կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG